Երկնագույն ներկված դարպասներից սկսած՝ զառիվեր ճանապարհի վրա ավտոմեքենաների երկար շարան է ձգվում։ Ամենուրեք ծնողներ են երեխաների հետ, ուսանողների խմբեր, զբոսաշրջիկներ, տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր մարդիկ։ Դարպասների առաջ ձիեր են կապված՝ այցելուները կարող են լուսանկարվել ձիերի հետ կամ էլ զբոսնել ձիով (ֆոտոռեպորտաժ) ։

Ամռանը, հանգստյան օրերին, «Սոճուտ» բուսաբանական այգին, որը Ստեփանավանի մոտ է գտնվում,հատուկ հաջողություն է վայելում թե շրջակա քաղաքների ու գյուղերի, թե երեւանցիների շրջանում ։ Այստեղ գալիս են զբոսնելու, սոճու բույրով հագեցած թարմ օդ շնչելու, Հայաստանի բնությանը բոլորովին ոչ բնորոշ ծառերը դիտելու։ Այցելուների կողմից հատկապես սիրված ժամանակաշրջաններից է սոճու փոշոտման շրջանը՝ մայիս- հունիս ամիսները։

Դենդրոպարկը ստեղծել է լեհ կենսաբան Էդմոնդ Լեոպոլդի Լեոնովիչը։ Անցած դարի 30-ականներին ժամանելով Հայաստան, նա այնքան հիացած էր տեղի բնությամբ, որ մնացել է այստեղ, իսկ երեք տարի հետո դենդրոպարկ է հիմնել։

Էդմոնդ Լեոպոլդին ավելի քան կես դար ղեկավարել է բուսաբանական այգին։ Նա մահացել է 1986-ին ու նրա աճյունը հանգչում է հենց այստեղ՝ այգում։ Ծառերի ստվերի տակ գտնվող համեստ տապանաքարի վրա գրված է «Էդմոնդ Լեոպոլդի Լեոնովիչ 1902-1986 Դենդրոպարկի հիմնադրին Հորը»։ Հիմա այգու տնօրենն է նրա որդին՝ Վիտալի Լեոնովիչը։

Այգու մուտքն անվճար է։ Մի կողմից դա մեծ քանակության այցելուներ է գրավում։ Թերությունն այն է, որ անհնար է հաշվել, թե տարեկան քանի մարդ է այցելում «Սոճուտ»։

Այգում 12 աշխատողներ կան ու նրանց ջանքերի արդյունքն ակնհայտ է՝ չնայած մեծ քանակության այցելուներին՝ ծառուղիները շատ մաքուր են։ Այգուն պետական աջակցություն է ցուցաբերվում։ Սակայն կա մի  չլուծված խնդիր՝ Գյուլագարակ գյուղից մինչեւ դենդրոպարկ ճանապարհի վերջին 3․5 կմ-ն դժվարանցանելի է՝   վտանգավոր է մեքենայի համար ու տհաճ՝ ուղեւորների։

Դենդրոպարկը զբաղեցնում է 35 հա տարածք, որից 9 հա անտառ է, 5 հա տնկիներ, 21 հա՝ բուն ցուցադրական այգին։ «Սոճուտ» այգու եզակիությունն այն է, որ այն ամբողջովին բնական այգի է, մարդկային գործունեության հետքերը նվազագույնի են հասցված։ Այստեղ չկա ասֆալտ ու գրեթե չկան շենքեր։

Դենդրոպարկը հետաքրքիր է ոչ միայն սովորական այցելուներին՝ որպես զբոսանքի վայր , այլեւ պրոֆեսիոնալ գիտնականներին ու էկոտուրիստներին, քանի որ  հնարավորություն է տալիս ուսումնասիրել շրջակա միջավայրի նոր պայմաններին զանազան բույսերի ադապտացիոն հատկանիշները։  

Բուսաբանական այգում կան աշխարհի տարբեր անկյուններից բերված տասնյակ ծառեր՝ հսկայական սեկվոյադենդրոնը  (հայրենիքը Քալիֆորնիա) կատալպա ձվաձեւ (ՉԻնաստան), ալժիրյան եղեւնի, Լիբանանյան մայրի ( Փոքր Ասիա), սպիտակ թխկի (Արեւմտյան Եվրոպա), շաքարային թխկի (Հյուսիսային Ամերիկա), եւ բազմաթիվ այլ ծառեր, որոնց անվանումները ոչ գիտակների համար արտասովոր կհնչեն։

Լուսանկարներ՝ Արսեն Սարգսյան/ NEWS.am