Արցախում ջրահեղձ եղած երեք զինծառայողների գործի մասով քննությունն ընթանում է եւ հետագայում դրա վերաբերյալ պատասխաններ կստացվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Նա ընդգծել է, որ մեքենաները տվյալ պահին պետք է լինեին հավաքակայանում. «Հավաքականի ծառայողների թերացումն էլ կա. Զինծառայողներն էլ, օգտվելով հրամանատարի տեղակալի զբաղված լինելուց, գտնվել են վերահսկողությունից դուրս»:

«Այդ պատճառով աշխատանքից ազատվել են հրամանատարն ու նրա երկու տեղակալները: Նրանց փոխարեն արդեն նշանակումներ են եղել: Աշխատանքից ազատվածները տեղափոխվելու են այլ ծառայության: Նրանք բոլորն էլ մեր սպաներն են, բոլորի կարիքն ունենք եւ նպատակահարմար ենք գտնում, որ բոլորը ծառայեն իրենց ուղղություններով»,- ասել է Մնացականյանը: