Արաբական երկրների կողմից Կատարի հետ դիվանագիտական կապերի խզումն ուղղված է Իրանի դեմ եւ լրջագույն լարվածություն է մտցնում այս տարածաշրջանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արաբագետ Դավիթ Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ այդ երկրների միջեւ հարաբերությունները վաղուց արդեն բարվոք չէին, հատկապես որ Կատարը օժանդակում եւ ֆինանսավորում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությանը, որի հետ Եգիպտոսի իշխանությունները լրջագույն խնդիրներ ունեն:
«Հարաբերությունները հատկապես սրվեցին, երբ հայտնի դարձավ, որ Կատարի ղեկավարը հայտարարել էր, որ Իրանը հզոր մուսուլմանական երկիր է եւ հավանաբար միակն է, որ կարող է մրցակցության մեջ մտնել Սաուդյան Արաբիայի հետ: Սա բնականաբար ամբողջովին դուրս է այն քաղաքականությունից, որը վարում է Սաուդյան Արաբիայի առաջնորդությամբ Պարսից ծոցի երկրների խորհուրդը, Մյուս կողմից, շատ հետաքրքրիր հարց կա՝ ինչու հենց հիմա հարաբերությունները խզվեցին:
Այս ամենը կարելի է կապել ԱՄՆ նախագահ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի եւ այնտեղ գլոբալ հակաահաբեկչական ֆորում հրավիրելու հետ, ինչը գնահատվում է որպես Միացյալ Նահանգների կողմից այս տարածաշրջանում քաղաքականության փոփոխման որոշակի միտում: Գիտենք, որ Կատարում լուրջ հենարան ունեն Միացյալ Նահանգները եւ այնտեղ է տեղադրված ամբողջ Պարսից ծոցի շրջանում գտնվող ստորաբաժանումների կառավարման կետը՝ ռազմական բազան, որը շատ կարեւոր նշանակություն ունի, արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այս ամենը Միացյալ Նահանգների կողմից վերանայվում է եւ որպես հենարան ընտրվում է Սաուդյան Արաբիան, պարզ կդառնա առաջիկայում»,- ասաց արաբագետը:
Հիշեցնենք, որ արաբական չորս պետություններ՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: Ավելի ուշ նրանց են միացել Լիբիան, Եմենը եւ Մալդիվները:





























