Համաշխարհային բանկը հանդես է եկել համաշխարհային տնտեսության զարգացման լավատեսական կանխատեսումով։ «Վերջին չորս տարիներին առաջին անգամ մենք չենք նվազեցրել աճի կանխատեսումը, ու ես կարծում եմ, որ դա լավ նշան է»,- հայտնել է ՀԲ տնտեսական զարգացման հեռանկարների ուսումնասիրության բաժնի տնօրեն Այխան Կոսեն AFP–ին տված հարցազրույցում։

Ինչպես հունվարին, երբ հրապարակվել էր նախորդ կանխատեսումը, վաշինգտոնյան կազմակերպության փորձագետները այս անգամ էլ ենթադրում են, որ 2017-ին համաշխարհային տնտեսական աճը կկազմի 2․7 տոկոս, 2018-2019 թթ ՝ 2․9 տոկոս։ Կանխատեսումը անփոփոխ թողնելու որոշումը Կոսեն բացատրել է համաշխարհային տնտեսությունում ռիսկերի նվազումով, փոխանցում է DW-ը։

Մասնավորապես փորձագետը նշել է ԱՄՆ դաշնային ռեզերվային համակարգի բազային դրույքի բարձրացումը 2016-ի դեկտեմբերին ու 2017-ի մարտին, որոնց «լավ են արձագանքել» ֆինանսական շուկաները։ Բացի դրանից, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում եվրոպամետ Էմանուել Մակրոնի հաղթանակից հետո, եվրոպական ընտրությունների նկատմամբ շուկայի մասնակիցների անվստահությունը նվազել է, հավելել է նա։

Զեկույցում նշվում է, որ աշխարհում տնտեսական աճի կայունացումը նպաստելու է ձեւավորվող շուկաներով երկրներում ու հումք արտահանող երկրներում աճի վերականգնմանը, նաեւ հումքի գների կայունացմանը, արդյունաբերության ու առեւտրի աշխուժացմանը։

Շարունակվող ռիսկերից Այխան Կոսեն առանձնացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առեւտրային ու ներգաղթային քաղաքականությունը ու զարգացող երկրներում ներդրումների զգալի կրճատումները։

Ընդ որում զարգացած երկրներում 2017-ին տնտեսական աճը կարագանա մինչեւ 1․9 տոկոս, ասվում է փաստաթղթոմ։ Եվրոգոտու երկրներում այդ ցուցանիշը՝ կազմակերպության կանխատեսումներով, կկազմի 1․7 տոկոս։ Դեռ հունվարին, երբ ներկայացվել էր նախորդ կանխատեսումը, ՀԲ-ն առաջնորդվում էր ընթացիկ տարում եվրոգոտում 1․5 տոկոսանոց աճով։

Չինաստանի տնտեսական զարգացման կանխատեսումը նվազեցված է մինչեւ 6․5 տոկոս։ Ռուսաստանում երկու տարվա ռեցեսիայից հետո փորձագետները ակնկալում են 1․3 տոկոսի աճ 2017-ին ու 1․4 տոկոսի աճ՝ 2018-ին։