Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տրամադրել է ֆիզիկական անձանց կողմից տաքսի մեքենայով ուղեւորափոխադրումների կազմակերպման գործունեության 575 լիցենզիա, եւս 4 նմանատիպ լիցենզիա տրամադրվել է անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ծառայություններ մատուցելու համար:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարութունը տրամադրել է փոստային կապի գործունեության 2 լիցենզիա եւ 4 ներդիր, ինչպես նաեւ ՀՀ կողմից արտաքին առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ռադիոէլեկտրոնային եւ (կամ) քաղաքացիական օգտագործման բարձր հաճախականության, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող սարքերի ներկրման 250 լիցենզիա:
2017 թ. հունվար-մայիս ժամանակահատվածում զանգվածային լրատվամիջոցներից, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից առձեռն, էլեկտրոնային փոստով կամ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքի միջոցով առցանց ստացվել է տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ 117 հարցում: Բոլոր հարցումներին պատշաճ պատասխանվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Անհապաղ կամ հնարավորին սեղմ ժամկետում պատասխանվել է տեղեկություն ստանալու վերաբերյալ բոլոր բանավոր հարցումներին:
Ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հարցումների դեպքում նախարարությունը քաղաքացիներից չի պահանջել հիմնավորել հարցումները, տեղեկատվություն տրամադրելու համար որեւէ վճար եւս չի պահանջվել:
Նույն ժամանակահատվածում նախարարություն մուտքագրվել է 15307 դիմում եւ գրություն, որից 493-ը եղել են քաղաքացիների դիմումներ: Դիմում-գրություններից 882-ը ստացվել են նախարարության էլեկտրոնային փոստով: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից ստացվել է 4 հարցում:
Բոլոր դիմումներին եւ գրություններին ընթացք է տրվել օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:
Նույն ժամանակահատվածում 165 քաղաքացիներ ստացել են անվճար երթեւեկության վկայականներ:





























