Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում Նախագահն այցելել է Ենոքավան համայնքում գտնվող «Ապագա ռեզորթ» եւ «Յելլ էքստրիմ պարկ» ընկերություններ: Հանրապետության Նախագահը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի, վերոնշյալ ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել եւ ծանոթացել Ենոքավան գյուղի էքստրեմալ եւ արկածային զբոսաշրջության զարգացման համար ստեղծված պայմաններին, այդ թվում՝ հյուրանոցային ենթակառուցվածքներին:
Նույն համայնքում Նախագահ Սարգսյանն այցելել է նաեւ Ենոքավանի «Ֆրանսիական գյուղ» հյուրանոցային համալիր, ծանոթացել համալիրի կառուցման աշխատանքների ընթացքին. 2014 թվականին Ենոքավան եւ ֆրանսիական Վիլքրոզ համայնքների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի երկու համայնքները դարձել են քույր համայնքներ, եւ հիմք է դրվել համայնքների տնտեսությունների, հատկապես զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ համագործակցությանը՝ ուշադրությունը կենտրոնացնելով համայնքների բնակչության առողջության եւ կենսունակության համար բարենպաստ ու անվտանգ շրջակա միջավայրի ընդլայնման հիմնախնդիրներին:































