Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հունիսի 7-ին, Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթ է ունեցել հետազոտական կենտրոնի գիտաշխատողների, Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների եւ լրագրողների առջեւ։
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից: Նախարարը ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցության ղեկավար, Իտալիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկո Ֆրատտինիին, ում հետ քննարկեց հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, հրատապ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Նախարար Նալբանդյանն իր ելույթում նշել է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միջազգային կազմակերպությունների իտալական ընկերակցությանը եւ նրա նախագահ, իմ հին ու լավ բարեկամ Ֆրանկո Ֆրատտինիին այս հանդիպումը կազմակերպելու համար: Մեծապես արժեւորում եմ փոխանակումներն ակադեմիական եւ փորձագիտական շրջանակներում, որոնք հնարավորություն են ընձեռում ոչ միայն մտքեր եւ տեսակետներ ներկայացնելու, այլեւ լսելու եւ ընկալելու: Ուստի, կսկսեմ կարճ ներածությամբ, այնուհետեւ կառաջարկեմ շարունակել առավել ինտերակտիվ՝ հարց ու պատասխանի ձեւով:
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ ներկայում առկա ջերմ կապերն ունեն խորը պատմական արմատներ, որոնք սկիզբ են առնում դեռ Հռոմեական կայսրությունից եւ որոնք հատկապես ամրապնդվեցին, երբ առաջինը՝ Հայաստանը, իսկ այնուհետեւ Հռոմն ընդունեցին քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Անցած տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան իր խոսքերով՝ «որպես ուխտագնաց դեպի առաջինը պետություններից, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»:
Հայ-իտալական կապերը վերելք ապրեցին միջնադարում՝ Կիլիկիայի հայկական թագավորության եւ Ճենովայի, Վենետիկի ու Պիզայի միջեւ ակտիվ քաղաքական եւ տնտեսական փոխհարաբերությունների ընթացքում: Որպես այդ դարավոր եւ սերտ կապերի արտացոլում՝ իտալական Սավոյների տունը մինչեւ նորագույն ժամանակաշրջանը պահպանել էր «Հայաստանի թագավոր» տիտղոսը: Հայկական Մխիթարյան միաբանությունը, որը հիմնադրվել է 1717թ. Վենետիկի Սբ. Ղազարոս կղզում, համարվում է հայկական մշակութային կենտրոններից մեկը: Հայերեն առաջին տպագիր գիրքը լույս է տեսել Իտալիայում 1512թ: Առկա են մեր ժողովուրդների միջեւ սերտ կապերի մասին վկայող բազմաթիվ պատմական փաստեր: Ես պարզապես նշեցի դրանցից մի քանիսը՝ ընդհանուր գաղափար կազմելու համար: Նորագույն ժամանակներում նույնպես եղել են եւ կան բազմաթիվ հայեր, ովքեր լայն ճանաչում են վայելել եւ նշանակալից դեր խաղացել իտալական հասարակության մեջ:
Հայ-իտալական հարաբերությունները նոր թափ ստացան Հայաստանի անկախացմամբ: Այս տարի նշվում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Վերջին քառորդ դարի ընթացքում մեզ հաջողվել է կառուցել ամուր գործընկերություն, որն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ՝ բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունից մինչեւ տնտեսական համագործակցություն ու գործընկերություն մշակութային, ակադեմիական եւ բազմաթիվ այլ ոլորտներում: Մենք նաեւ ձեւավորել ենք ավելի քան երեսուն իրավական փաստաթղթեր ներառող բավական ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ:
Հայաստանն ու Իտալիան միասնաբար ջանքեր են գործադրում Լիբանանում ՄԱԿ միջանկյալ ուժերի (UNIFIL) եւ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությունների շրջանակներում խաղաղության եւ անվտանգության ուղղությամբ: Որպես հարուստ եւ պատմական ժառանգություն ունեցող ժողովուրդներ՝ մենք հաջողությամբ համագործակցում ենք պատմական եւ մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում:
Հայաստանը մեծապես հետաքրքրված է Իտալիայի հետ իր կապերի հետագա ամրապնդմամբ եւ խորացմամբ: Ես Հռոմ եմ ժամանել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու նպատակով: Անցած տարի Ն.Գ. Պաոլո Ջենտիլոնիի՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հայաստան կատարած այցի ընթացքում մենք միասին համաձայնեցինք հիմնել այս կարեւոր ձեւաչափը՝ մեր տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով: Դրան հաջորդեց գործարար համաժողովը: Այս այցի ընթացքում ես նաեւ երկկողմ հանդիպում ունեցա իմ գործընկերոջ՝ նախարար Ալֆանոյի, Սուրբ Աթոռի՝ պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Գալագերի, ինչպես նաեւ Իտալիայի խորհրդարանի անդամների հետ:
Հայաստանի եւ Իտալիայի միջեւ համագործակցությունը չի սահմանափակվում երկկողմ ձեւաչափով եւ ներառում է նաեւ բազմակողմ ուղղությունը, առաջին հերթին՝ ԵՄ Արեւելյան գործընկերությունը եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Ակնկալում ենք այս աշնանը՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, ստորագրել Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է ակտիվ քաղաքական երկխոսության, տարբեր ոլորտներում համագործացության, դինամիկ առեւտրական հարաբերությունների, ընդլայնված ոլորտային համագործակցության շրջանակը: Ստորագրվելուց հետո 180 միլիոնանոց կայուն շուկա ունեցող Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանը կարող է հավելյալ ներդրում ունենալ եւ՛ որպես առկա հնարավորությունների կիրառման կամուրջ` տրամադրելով իր ծառայություններն ու ներդրումային գործիքները, եւ՛ որպես հարթակ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես, Իտալիայի հետ առեւտրային գործարքների համար:
Սպասում ենք նաեւ Իտալիայի գալիք նախագահությանն ամենակարեւոր տարածաշրջանային կազմակերպություններից մեկում՝ ԵԱՀԿ-ում, որը, համոզված ենք, կշարունակի կենսական դեր խաղալ ներկայիս անկայուն միջազգային հարաբերություններում:





























