Հայաստանի համայնքապետարանները պետք է խոշորանան տարրական նպատակով՝ բարձրացնել կառավարման արդյունավետությունը։ Այս մասին հունիսի 7-ին Ազգային ժողովում հայտարարեց տարածքային կառավարման ու զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ներկայացնելով համայնքապետարանների խոշորացման նոր նախագիծը (316 համայնքապետարանները կվերածվեն 30-ի)։
Մի շարք դեպքերում ավելի ծավալուն խոշորացում է ենթադրվում։ Օրինակ՝ Ապարանի համայնքապետարանում կներառվեն Ապարանն ու հարեւան 20 գյուղերը, Վարդենիսի համայնքապետարանում՝ քաղաքն ու 21 գյուղ, Կապանի պարագայում՝ քաղաքն ու 31 գյուղ։ Այսպիսով, դրանք գործնականում կհավասարվեն Խորհրդային Հայաստանի շրջաններին։ Մյուս դեպքերում, երբ կենտրոն է հանդիսանում ոչ թե քաղաքը, այլ գյուղը, խոշորացումն ավելի փոքր ծավալների կլինի։
90-ականներին համայնքային իշխանություն հիմնեցին յուրաքանչյուր (կամ գրեթե յուրաքանչյուր) գյուղում՝ ելնելով երկրի այն ժամանակվա դրությունից եւ կենտրոնաձիգ կառավարման բարդություններից։ Այժմ տեղերում շատ ավելի դյուրին է իշխանության հետ կապ պահելը, նշանակում է, կարելի է դյուրացնել կառավարումը։ Տեղական իշխանությունների համար դա համայնքային ավելի խոշոր ծառայություններ մատուցելու եւ ծավալներ տնտեսելու հնարավորություն է, իսկ մասնավոր հատվածի պարագայում, այդ թվում նաեւ հենց գյուղացիների, կօգնի տնտեսել գյուղատնտեսական աշխատանքներում։
Տերտերյանն ընդգծեց, որ խոշորացմամբ համայնքապետարանների դոտացիաները չեն նվազել, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում։





























