Վրաստանի 3,7 միլիոն բնակիչներից 83,4 տոկոսը հետեւում է ուղղափառության դավանանքին. նրանց հաջորդում են մահմեդականները՝ 10,74 տոկոս. երրորդ տեղում 2,94 տոկոսով Հայկական Առաքելական Եկեղեցու հետեւորդներն են: Այս մասին հաղորդում է «Վրաստանի հայ համայնքի» կայքը: 

Ըստ կրոնական քարտեզների, որոնց շնորհանդեսին ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի, կառավարության, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կրոնական համայնքների առաջնորդներ, հյուրեր:

Վրաստանում Կաթոլիկ եկեղեցու հավատացյալները կազմում են բնակչության 0,52 տոկոսը, Եհովայի վկաները՝ 0,33, եզդիները՝ 0,23, հրեաները՝ 0,04 տոկոս: «Այլնի» սանդղակում ընդգրկվել է բնակչության 1,8 տոկոսը: Այդ թվում այն մարդիկ, ովքեր հրաժարվել են պատասխանել հարցին կամ հանդիսանում են առավել փոքր կոնֆեսիաների ներկայացուցիչներ:

Քարտեզները մշակվել են Կրոնի հարցերով պետական գործակալության կողմից: Ընդհանուր առմամբ, կազմվել է երեք քարտեզ՝ տարածաշրջանային, շրջանային եւ պաշտամունքային: Այդ քարտեզները մատչելի են կրոնի հարցերով գործակալության կայքում: Այն ժամանակ, երբ տարածաշրջանային եւ շրջանային քարտեզները իրազեկում են Վրաստանի բնակչության կրոնական պատկանելության մասին, ապա «Պաշտամունքային կառույցներ» քարտեզներում ներկայացված են երկրի տարածքում գտնվող մենաստանները, եկեղեցիներն ու մզկիթները:

Այն կազմել է գործակալությանն առընթեր կրոնական քաղաքականության հետազոտման կենտրոնը, ելնելով Վրաստանի վիճակագրական ծառայության 2014 թվականի տվյալներից: