Հայաստանի տնտեսական աճը պետք է կայուն եւ ինկլյուզիվ լինի՝ առնչվելով բնակչության բոլոր շերտերին: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի փոխնախագահ Թաո Ժանը, որը Հայաստան է ժամանել մասնակցելու ԱՄՀ-ի անդամ երկրների խմբի հանդիպմանը (Constituency meeting):
ԱՄՀ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նա հայտարարել է.
«Վերջին 25 տարիներին Հայաստանը նշանակալի ճանապարհ է անցել մակրոտնտեսայան կայունության ամրապնդման, աճի լավ տեմպերի ապահովման, ինֆլյացիայի զսպման, ինչպես նաեւ բյուջեի հավասարակշռման համար: Մենք հպարտ ենք Հայաստանի հետ համագործակցությամբ:
ԱՄՀ-ի աջակցությունը՝ ֆինանսական, խորհրդատվական եւ տեխնիկական, օգնել է տնտեսության ամրապնդման հիմքերը դնելուն: Պետությունը պետք է օգտվի աճի նոր հնարավորություններից եւ տնտեսությունը դիվերսիֆիկացնի ու արդիականացնի: Տնտեսական աճը պետք է կայուն եւ ինկլուզիվ լինի:
Մենք Հայաստանի իշխանությունների հետ հետագա համագործակցության հույս ունենք եւ պատրաստ ենք աջակցելու Հայաստանին եւ հայ ժողովրդին»:





























