Ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայել Ազգային ժողովի նիստերից: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է կատարվում խմբակցությունում, նիստերին չի գալիս խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նաեւ Իշխան Զաքարյանը:
«Ես խմբակցության խոսնակը չեմ, խմբակցության քարտուղարը չեմ, անդամ եմ եւ ես կարող եմ իմ կարծիքն ասել, բայց դա չպիտի ընկալվի որպես խմբակցության դիրքորոշում: Իմ կարծիքն այն է, որ ցանկացած պատգամավոր իրավունք ունի բացակայել ԱԺ նիստերից եւ բացակաների հարգելիությունը ոչ ոք չի որոշում, ո՛չ ես եմ որոշում, ո՛չ լրագրողները, ո՛չ էլ առանձին պատգամավորներ: Դա որոշվում է ԱԺ կանոնակարգ օրենքով:
«Ո՞վ է ասել, որ եթե տվյալ պատգամավորն այդ պահին բացակայում է նիստից, ուրեմն նա ընդհանրապես այդ պահին զբաղված չէ իր պատգամավորական կարգավիճակից բխող այլ գործունեությամբ: Մեկը կարող է գտնվել Ազգային ժողովի սահմաններից դուրս, բայց կատարել ոչ պակաս կարեւոր առաքելություն ընդհանուր, հասարակական, պետական խնդիրների հետ կապված: Հակված չեմ կարծել, որ եթե պատգամավորը չի գտնվում ԱԺ նիստում, ապա նրա պատգամավորական կարգավիճակից բխող առաքելությունը պետք է ստորադասել անպայման նիստին գտնվող, բայց պարապ ինքնահիացմամբ զբաղված պատգամավորների ելույթներից կամ պահվածքից: Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չէ, եթե մարդիկ կան, որ գալիս են ընդամենը ներկա ստանալու համար, այդ դիրքորոշումն էլ չեմ ընդունում»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:





























