Եթե դեմ քվեարկեի, լուրջ չէր ընկալվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագծին իր քվեարկությանը:
Նշենք, որ նա օրինագծի քննարկման ժամանակ բազմաթիվ վիճահարույց դրույթներ էր ներկայացրել, սակայն ի վերջո կողմ է քվեարկել:
«Հեռու եմ այն մտքից, որ եթե կոնկրետ իմ անձնական դիտողությունը, նկատառումը հաշվի չի առնվել, ինքնին բավարար է, որպեսզի նախագծին դեմ քվեարկեմ: Դաշինքում քննարկվել էր, եւ մենք մեր դրական դիրքորոշումներն ունեինք արդեն համապատասխան փոփոխություններից հետո եւ լուրջ չէր ընկալվի, եթե դեմ քվեարկեի: Այն կարող էր անգամ հիմք հանդիսանալ առանձին անձանց համար ասելու, որ ես հակակոռուպցիոն ռազմավարությանն եմ դեմ: Ես դրա համար կողմ քվեարկեցի, բայց պնդում եմ իմ դիտողությունները, որ ցանկացած մարմին, որը հավակնում է այդպիսի լուրջ առաքելություն երկրում իրականացնել, դրա գործունեության հիմունքներում պիտի օրինականության, անկողմնակալության եւ անկախության սկզբունքը դրվի, որոնք այդպես էլ, ցավոք սրտի, տեղ չգտան օրենքում», - ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Այդուհանդերձ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը կարծում է, որ հայաստանյան իրականության պայմաններում մի փոքր չի ընկալվում «ազդարարի ինստիտուտը»: «Ինքս հակված չեմ դա համարել բացասական երեւույթ ամբողջությամբ: Ճիշտ կազմակերպելու դեպքում «Ազդադարի ինստիտուտը» կարող է աշխատել, միայն թե մեր ազգային մտածողությունից ելնելով՝ մտավախություն կա, որ կարող են ազդարարները չարաշահել իրենց ունեցած հնարավորությունները: Բայց եթե իրավապահ մարմինները գտնվեն իրենց բարձրության վրա, տուրք չտան ազդարարների խելահեղ գաղափարներին, նախաձեռնություններին, վարվեն օրինականության սկզբունքին համաձայն, այդ ինստիտուտը, կարծում եմ, դրական ազդեցություն կունենա»:





























