Երեւանի 3-րդ գումարման ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստում, այսօր՝ հունիսի 9-ին, Երեւանի ավագանին հաստատել է ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ քվեարկության արդյունքում ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամներ են նշանակվել ՀՀԿ խմբակցությունից Սուրեն Ներսիսյանը եւ Արմեն Երեմյանը, «Ելք» խմբակցությունից՝ Թեհմինա Վարդանյանը եւ Անի Խաչատրյանը:

Երեւանի ավագանին քվեարկությամբ հաստատել է մշտական հանձնաժողովների կազմը: Կանոնակարգի համաձայն՝ ավագանու մշտական չորս հանձնաժողովներից, քվեարկության համաձայն, Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, տեղակալ՝ ՀՀԿ-ից Արմեն Երեմյանը:

Ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ խմբակցության անդամ Ենոք Ազարյանը, տեղակալ՝ ՀՀԿ-ից Գրիգոր Մինասյանը:

Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀԿ-ից Հովհաննես Թոքմաջյանը, տեղակալ՝ «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Ելք»-ից Արայիկ Հարությունյանը, տեղակալ՝ ՀՀԿ-ից Ռուզաննա Սիրունյանը: