Երեւանի մետրոպոլիտենի թեման մշտապես հնչում է նախընտրական ելույթներում: Հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց հրապարակախոս, տնտեսագետ Սուրեն Սարգսյանը:

«Ինչո՞ւ մետրոյի շինարարությունը դադարեցվեց: Մետրոն, կարելի է ասել, մեռելածին երեխա է: Չնայած ֆինանսական դժվարություններին՝ այդ հարցը կարելի է լուծել: Առաջարկում եմ  «Երեւանի մետրոպոլիտեն» հիմնադրամ ստեղծել. պետությունը պետք է մասնակցի դրա ֆինանսավորմանը, իսկ հետո արդեն մեզ կօգնեն արտերկրից»,- նշեց Սարգսյանը:

«Աջափնյակ» կայարանի հնարավոր շահագործումը, ըստ նրա, 100 մլն դոլարից պակաս կարժենա (այն դեռ կառուցված չէ - խմբ.): «Առաջարկում եմ մետրոյի հետ կապված գումարները պահել «Ամերիաբանկ»-ում, որի տնօրենների խորհրդի անդամը մեր հայրենակից Ռուբեն Վարդանյանն է»,- հավելեց Սուրեն Սարգսյանը: