Մեկ ժամում տեղացել է հունիսի միջին ամսական տեղումների քանակի շուրջ 50 տոկոսը: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ նշվել է, որ նախօրեին երեկոյան մայրաքաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրեւ, որը կազմում է Երեւանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի շուրջ 50 տոկոսը: Կարկուտով ուղեկցվող անձրեւի այդ քանակի մեծ մասը թափվել է 10-15 րոպեում, ինչն առաջացրել է անձրեւաջրերի կուտակումներ եւ որոշակի անհարմարություններ է ստեղծել մայրաքաղաքի փողոցներում:

Խորհրդակցությանը ներկա «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչն էլ տեղեկացրել է, որ առատ տեղումների հետեւանքով գրանցված անձրեւաջրերի հոսքը որոշ տեղերում հանգեցրել է անձրեւատար համակարգի թողունակության գերբեռնվածության, բացի այդ, կարկուտի հետեւանքով կոտրված ճյուղերը եւ տերեւները խցանել են անձրեւատարների պաշտպանիչ ցանցերը, ինչն իր հերթին որոշ փողոցներում հանգեցրել է անձրեւաջրերի կուտակումների:

Նաեւ նշվել է, որ տեղծված իրավիճակն արագ կարգավորելու նպատակով ընկերության մասնագետներն օպերատիվ աշխատանքներ են իրականացրել անձրեւատար ցանցերի մաքրման ուղղությամբ, իսկ տեղումների դադարից հետո Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաեւ ԱԻՆ համապատասխան ծառայությունների աջակցությամբ շարունակել են աշխատանքները՝ արդյունքում ապահովելով գետնանցումների, թունելային հանգույցների, ինչպես նաեւ գրասենյակային եւ բնակելի տների նկուղային հարկերի կուտակված ջրի հեռացումը:

Նախօրեի առատ տեղումների հետ կապված նաեւ զեկուցվել է, որ Նոր Նորք վարչական շրջանում գրանցվել է հենապատի փլուզման դեպք: Ներկայում հետեւանքներն արդեն վերացված են եւ վերականգնված է բնականոն երթեւեկությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարճ ժամկետում կազմել նախագիծ-նախահաշիվ՝ փլուզված հենապատը արագ վերակառուցելու համար: