Երեւանի քաղաքապետն իրավունք ունի չենթարկվել երկրի նախագահին եւ վարչապետին։ Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» դաշինքից Երեւանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը։
«Երեւանի քաղաքապետը մարդ է, որն ունի անմիջատական մանդատ։ Չկա օրենք, որի համաձայն նա գտնվում է երկրի նախագահի կամ վարչապետի ենթակայության ներքո, քանի որ դա ընտրովի պաշտոն է։ Տեղի ինքնակառավարման մարմինների գործունեությունը պետք է անկախ լինի», - ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ երեկ ականատես եղանք, թե ինչպես է Սերժ Սարգսյանը խոսում Երեւանի տնտեսության մասին եւ կարգադրություններ անում քաղաքապետին։ «Դրանով նա կարող է զբաղվել իրենց կուսակցության ժողովների ժամանակ, բայց ոչ երդմնակալության արարողությանը։ Դա ցույց է տալիս, որ անկախ այն բանից, թե քանի ձայն է հավաքել Տարոն Մարգարյանը, միեւնույն է, որոշում է նախագահը։ Եւ դա այն պարագայում, երբ մենք գիտենք, որ երկրի նախագահի եւ քաղաքապետի ինստիտուտներն առանձին են»,-նշեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Տարոն Մարգարյանը նորից ստանձնեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը։





























