Երեւանում, այսօր՝ հունիսի 13-ին, տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերի համատեղ ասուլիսը:
Ստորեւ ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի խոսքը եւ հարցուպատասխանի տեքստն ամբողջությամբ:
«Ուրախ եմ ողջունել Երեւանում էստոնացի իմ գործընկերոջը՝ Սվեն Միկսերին, ով Հայաստանում է գտնվում պաշտոնական այցով:
Մենք վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին Համբուրգում՝ ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում, եւ այսօր լավ հնարավորություն է՝ շարունակելու մտքերի փոխանակումը թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում մեր համագործակցության ընդլայնման, զարգացման եւ ամրապնդման առումով:
Այսօր Էստոնիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը: Պարոն Միկսերը նաեւ հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ։ Էստոնիայի արտգործնախարարն այցելությունը սկսել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրից:
Մենք հնարավորություն ունեցանք մտքեր փոխանակելու մեր իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ: Երկու երկրների միջեւ ստորագրված է 13 փաստաթուղթ, այսօր ավելացրինք եւս մեկը՝ 14-րդը, որը վերաբերվում է ռեադմիսիային: Նախապատրաստական փուլում է գտնվում եւս 7 փաստաթուղթ:
Մենք անդրադարձանք միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության խթանմանը, նաեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը: Մեր ապրանքաշրջանառությունը բարձր թվեր չի արձանագրել՝ մոտ 10 մլն ԱՄՆ դոլար է կազմել անցյալ տարի: Դա շատ ցածր թիվ է: Կարծում եմ՝ մեր ներուժը շատ ավելի մեծ է։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով շատ ավելին կարող ենք անել:
Մենք նաեւ անդրադարձանք համագործակցությանը մշակութային, գիտական, կրթական ոլորտներում:
Պայմանավորվեցինք նաեւ ակտիվացնել մեր համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ պարբերաբար խորհրդատվություններ անցկացնել երկու արտգործնախարարությունների միջեւ: Անդրադարձանք մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, փախստականների, միգրանտների հոսքերը, որոնց բախվում են ոչ միայն Եվրոպայում, այլեւ այլ տարածաշրջաններում: Անդրադարձանք իրավիճակին Միջին Արեւելքում, մասնավորապես՝ Սիրիայում:
Ես իմ գործընկերոջը տեղեկացրի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:
Կարեւոր է, որ Էստոնիայի արտգործնախարարը Հայաստան է այցելում Էստոնիայի՝ Եվրոպական միությունում նախագահության նախաշեմին: Էստոնիան Եվրոպական միության խորհրդի նախագահությունը ստանձնելու է հուլիսի 1-ից: Այդ ընթացքում Հայաստանը նախատեսում է ստորագրել Եվրոպական միության հետ նոր շրջանակային փաստաթուղթը։ Հայտնի է, որ ավարտել ենք բանակցությունները եւ նոյեմբեր ամսին՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում, մենք պատրաստվում ենք ստորագրել այն: Մենք անդրադարձանք նաեւ տարբեր ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման հարցերին: Էստոնիայի արտգործնախարարը ներկայացրեց ԵՄ-ում էստոնական նախագահության առաջնահերթությունները։
Սիրով խոսքը կփոխանցեմ իմ գործընկերոջը, եւ հետո կպատասխանենք ձեր հարցերին: Խնդրեմ Սվեն:
Հարց. Հարցս ուղղված է Հայաստանի արտգործնախարարին: Պարոն Նալբանդյան, ադրբեջանցի Ձեր գործընկերը երեկ ներկայացրել է իր տպավորությունները ղարաբաղյան հարցի շուրջ վերջին հանդիպումների վերաբերյալ՝ ասելով, որ ժամանակն է արդեն փոխել ստատուս-քվոն եւ անցնել բովանդակային բանակցությունների՝ Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում քննարկված փաստաթղթերի հիման վրա: Նա նաեւ կրկնեց Բաքվի այն թեզը, որ կարգավորման հիմքում ընկած են ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Էդվարդ Նալբանդյան. Նախեւառաջ, կասեմ՝ դրանք ոչ թե տպավորություններ, այլ ավելի շատ երեւակայություններ են: Առաջինը, Մոսկվայում արտգործնախարարները որեւէ փաստաթղթի շուրջ բանակցություններ չեն վարել: Եթե որեւէ տեքստ քննարկվել է, ապա դա եղել է մամուլի հաղորդագրության տեքստը, որը համաձայնեցվել է նախարարների միջեւ՝ եռանախագահների ներկայությամբ, որն այնուհետեւ նույնությամբ հրապարակվել է Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարությունների կողմից: Իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը հրապարակել է մամուլի հաղորդագրության իր վարկածը, որտեղ ասված է ոչ թե, որ՝ նախարարները կարեւորեցին Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, այլ այն, թե՝ նախարարները բանակցեցին Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի բանակցությունները: Աբսուրդ ինչ-որ բան էր հրապարակվել Ադրբեջանի արտգործնախարարության կողմից:
Ինչ վերաբերում է Սանկտ-Պետերբուրգում քննարկված ինչ-որ փաստաթղթի, ապա ինչի մասին որ քննարկվել է Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովի ընթացքում, այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ մանրամասն ասված էր, թե ինչ է քննարկվել: Այդ գագաթաժողովից հետո Բաքուն փորձեց իր մեկնաբանությունները տալ: Եվ գիտեք՝ ինչպիսի արձագանքի արժանացավ: Ռուսաստանի արտգործնախարարությունը որակեց այդ մեկնաբանությունները որպես «այլասերված»: Կարծում եմ՝ շատ սպառիչ որակում է, եւ չեմ կարծում, որ դրան ավելացնելու բան կա: Դա է Հայաստանի եւ Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը. մենք խոսում ենք փաստերով, իրենք խոսում են ինչ-որ տպավորություններով՝ հիմնված երեւակայությունների վրա:
Ինչ վերաբերում է ստատուս-քվոյին, այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական պաշտոնյաները յուրահատուկ տաղանդ ունեն՝ ֆիքսվելու ինչ-որ բանի վրա եւ բազմիցս կրկնելու դա՝ արժեզրկելով ասվածի իմաստը եւ հատկապես անելով լրիվ հակառակը: Դա հենց ստատուս-քվոյին էլ է վերաբերվում: Որովհետեւ ո՞վ է խոչընդոտում իրականացմանը, չի կատարում այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվում նախագահների, արտգործնախարարների հանդիպումների ժամանակ, ինչը հնարավորություն կտար առաջ շարժելու բանակցային գործընթացը եւ փոխելու ստատուս-քվոն: Հենց Ադրբեջանը: Դա նման է նրան, երբ ադրբեջանցիները խոսում են խոսքի ազատության, հիմնարար ազատությունների կամ մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց անում են լրիվ հակառակը: Բաքվի բրենդ է ձեւավորվել՝ ասել մի բան, անել լրիվ հակառակը:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին. ինչո՞ւ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը թվով չորսը: Որովհետեւ, երբ դրանք ընդունվում էին 1993թ., յուրաքանչյուր բանաձեւից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք կատարել: Այդ բանաձեւերն ընդունվում էին մեկ նպատակով՝ կանգնեցնելու ռազմական գործողությունները: Խոսքը չէր գնում բանակցային գործընթացի էության մասին, այդ բանաձեւերը ուղղված էին զինադադարի հաստատմանը: Ցավոք, Ադրբեջանը խոչընդոտեց, եւ հնարավոր չեղավ դա անել: Հետագայում Ադրբեջանը հայտվեց մի իրավիճակում, երբ սկսեց աղերսել զինադադարի հաստատման համաձայնագրի ստորագրումը։ Դուք գիտեք, որ 1994թ. երկու համաձայնագիր ստորագրվեց, եւ հետո՝ 1995թ. փետրվարին զինադադարի ամրապնդման եւս մեկ համաձայնագիր ստորագրվեց: Բայց անգամ այդ համաձայնագրերն Ադրբեջանը տարիներ շարունակ հարցականի տակ է դնում, իսկ վերջերս՝ նախորդ տարվա ապրիլին, երբ Արցախի դեմ ագրեսիա իրականացրեց, ադրբեջանական կողմը կրկին փորձեր կատարեց հարցականի տակ դնել համաձայնագրերի ուժի մեջ լինելը: Եռանախագահներն անգամ գրավոր հիշեցրին Ադրբեջանին, որ այդ համաձայնագրերն ուժի մեջ են, անժամկետ են, եւ կողմերը պետք է լիակատար հարգեն եւ կատարեն համաձայնագրերը: Սա է իրականությունը, այլ ոչ թե այն, ինչ իրենց երեւակայությունների կամ ենթադրությունների հիման վրա փորձում է ադրբեջանական ղեկավարությունը մատուցել իրենց հանրությանը:
Հարց. Երկու հարց ունեմ Ձեզ, պարոն նախարար: Շաբաթ օրն ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Դուք նշեցիք, որ ժամանակն է, որպեսզի եռանախագահող երկրները հայտարարություններից անցնեն կոնկրետ գործողությունների՝ Ադրբեջանին զսպելու համար: Կարծո՞ւմ եք արդյոք, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը, համանախագահող երկրները պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, օրինակ՝ հրադադարի ռեժիմի խախտման համար: Եվ երկրորդ հարցս. արդյո՞ք Հայաստանն ինչ-որ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, որպեսզի ի վերջո միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ, ինչպես ասեցի՝ օրինակ, հրադադարի ռեժիմը խախտելու համար: Շնորհակալություն:
Էդվարդ Նալբանդյան. Եռանախագահող երկրները բազմիցս են հայտարարել, եւ անգամ ամենաբարձր՝ նախագահների մակարդակով, որ այն կողմը, որը կգնա ուժի կիրառման եւ զինադադարի խախտման, խստորեն կդատապարտվի միջազգային հանրության կողմից: Երբ այդպիսի հայտարարություն անում են եռանախագահող երկրների նախագահները, իսկ դրանք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ի՞նչ է դա նշանակում, արդյոք այն լոկ հայտարարությո՞ւն է: Կարծում եմ՝ ոչ միայն:
Չնայած դրան՝ Ադրբեջանը ձեւացնում է, թե իբր իրեն չի վերաբերում այդ կոչը, Ադրբեջանը ձեւացնում է, թե ինքը կարող է արհամարհել այդ հայտարարությունները, կոչերը: Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում է զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը: Չնայած բոլորին պարզ է՝ ով է խախտում: Առանց մեխանիզմի էլ հայտնի է: Ուղղակի եռանախագահող երկրները միջնորդ երկրներ են, իսկ միջնորդ երկրները փորձում են հնարավորինս, այսպես ասած, հավասարակշիռ լինել, որպեսզի հնարավոր լինի շարունակել բանակցությունները: Բայց անգամ եռանախագահներն արդեն բազմիցս ստիպված են եղել նաեւ հասցեական հայտարարություններ անել, ինչը եղավ մի քանի օր առաջ, երբ նրանք ասացին, որ հենց Ադրբեջանն է խախտել զինադադարը, եւ հայկական կողմից պատասխանել են դրան։ Դա եղավ նաեւ, երբ համանախագահները քննադատեցին Ադրբեջանին, որ պետք է վերջապես կանգնեցնել հիմնախնդրի կարգավորման գործընթացն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը, կոչ արեցին վերջ տալ եռանախագահող երկրների հասցեին հնչող քննադատությունները, համաձայնություն տալ, ինչպես որ Հայաստանը եւ Արցախն են արել, զինադադարի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:
Բազմիցս են եղել հասցեական հայտարարություններ: Քա՞նի հայտարարություն դեռ պետք է լինի, որ պարզ դառնա, որ միայն հայտարարությունները բավարար չեն, այլեւ այդ «խստիվ կդատապարտվեն» հասկացությամբ ենթադրվող մնացած բոլոր քայլերը ձեռնարկվեն միջազգային հանրության կողմից՝ սանձելու տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը՝ դրանցից բխող բոլոր հետեւանքներով ոչ միայն տարածաշրջանի համար, այլ շատ ավելի լայն իմաստով:
Կարծում եմ, որ միջազգային հանրությունը հենց այդ ըմբռնմանն է գալիս, որ վերջապես այն երկիրը, որը, դեմ է խաղաղությանը, մշտապես սպառնում է ուժ կիրառել, ռազմական ուժի միջոցով լուծել այս հիմնախնդիրը, իհարկե, այդ երկրի նկատմամբ պետք է համապատասխան եւ քայլեր ձեռնարկվեն:





























