Սկզբնական շրջանում Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին այլ տոնավաճառներում որոշակի արտոնություններ կտրամադրվեն: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շարունակվում են մայրաքաղաքում գործող տոնավաճառների սեփականատերերի հետ բանակցությունները՝ կառուցապատման աշխատանքներով պայմանավորված Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու եւ նրանց գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով:

Ըստ այդմ, սեփականատերերի հետ նաեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվում սկզբնական շրջանում Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին որոշակի արտոնություններ տրամադրելու հետ կապված:

Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ հանդիպումներ են կայացել ինչպես տոնավաճառի կազմակերպիչների, այնպես էլ տարածքի առեւտրականների հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր կողմերի մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը եւ կքննարկի կողմերի ներկայացրած առաջարկություններն ու դիտարկումները:

«Որոշ մարդկանց կողմից Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու գործընթացը փորձ է արվում ներկայացնել որպես մարդկանց օրվա հացից զրկել, մինչդեռ մեր նպատակը բնավ այդ մարդկանց նեղացնելը չէ: Ավելին, մենք փորձում ենք անել առավելագույնը, որ հնարավորին աջակցենք Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին՝ հաշվի առնելով, որ այդ տարածքում առաջիկայում սկսվելու են կառուցապատման աշխատանքները, եւ մեր այս համաքաղաքացիների խնդրի կարգավորումը դարձել է առաջնահերթություն: Ընդ որում, թե՛ տոնավաճառի կազմակերպիչները եւ թե՛ առեւտրականները դեռ մեկ տարի առաջ են տեղեկացվել, որ տարածքը վաղ թե ուշ պետք է ազատվի: Ամեն դեպքում, արեք հնարավորը, որ առավելագույնս հաշվի առնվեն տարածքում առեւտուր իրականացնող մեր համաքաղաքացիների առաջարկները եւ ապահովվի խնդրի կարգավորումը», - նշել է Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Ֆիդուսի տոնավաճառի առեւտրականները ցանկանում են գոնե մի քանի ամիս իրենց չհանել այդ տարածքից: Նրանք չեն ցանկանում տեղափոխվել այլ տոնավաճառներ: