Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հնարավոր չեն հավասարակշռված հարաբերությունները: Այս մասին հունիսի 13-ին հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան-ՆԱՏՕ համագործակցություն. ներկայիս փուլը եւ ապագա հեռանկարները» թեմայով համաժողովում: Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում տասնամյակներ շարունակ ոչ մի բան չի փոխվում:
Անդրադառնալով Իրանի հետ Եվրասիական տնտեսական միության միջոցով Հայաստանի համագործակցությանը՝ Մեհրաբյանը նշեց. «ԵՏՄ-ը չի ընդգրկում ո՛չ Եվրոպային, ո՛չ Ասիային, ո՛չ տնտեսությունը, ո՛չ միությունը: ԵՏՄ-ն ի՞նչ կարող է առաջարկել Իրանին: Գա՞զ, նա՞վթ: Իրանի համար այս ամենը հետաքրքրություն չի ներկայացնում: Հայաստանի դեպքում հարցը միանգամայն այլ կերպ է դրված: Հայաստան-Իրան հարաբերություններում, ինչպես ամուսնության մեջ, երրորդն ավելորդ է»:





























