Հունիսի 16-18-ին Արցախում տեղի է ունենալու «Հայկական կուսակցությունների երրորդ համաժողովը», որը կազմակերպել են ՀՀԿ-ն եւ Արցախի Ազգային ժողովը: Այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ համաժողովին մասնակցելու են 15 կուսակցություններ Հայաստանից եւ 6-ը՝ Արցախից:
Համաժողովին քննարկելու են անվտանգության հիմնախնդիրները երկու հայկական պետություններում, արտաքին քաղաքական մարտահրավերները ՀՀ-ի եւ Արցախի համար, սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական խնդիրները, սահմանադրական բարեփոխումներից հետո պետականաշինության գործընթացին վերաբերող հարցեր, տեղեկատվական անվտանգության, քաղաքականության ինստիտուտների, ժողովրդավարության խորացման հետ կապված հարցերի փաթեթը:
Նրա խոսքով, հրավիրել են աննախադեպ մեծ քանակությամբ փորձագետների. կլինեն ՀՀ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, Դավիթ Շահնազարյանը, Տիգրան Հակոբյանը, Լարիսա Ալավերդյանը, Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը եւ այլք:
Համաժողովին կմասնակցի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ հանդես կգա ուղերձով, նաեւ Սրցախի ու Հայաստանի Ազգային ժողովի նախագահները։
Հայաստանյան ուժերից համաժողովին չեն հրավիրվել «ՕՐՕ» դաշինքը, քանի որ պարզ չէ, նրանք միավորվել են մեկ կուսակցության մեջ, թե առանձին ուժեր են: Չեն հրավիրել նաեւ «Երկիր »Ծիրանի» կուսակցությանը: Համաժողովին հրաժարվել են մասնակցել «կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, Արցախից՝ «Ազգային վերածնունդը»:
Հարցին, թե ինչո՞ւ չեն հրավիրել «Երկիր Ծիրանիին», հնարավո՞ր է, Զարուհի Փոստանջյանին չեն հրավիրել, որ նա համաժողովը «դժոխքի չվերածի», Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այլաբանություն չփնտրեք, բայց այպիսի մի ճշմարտություն կա՝ բոլոր նորմալ մարդիկ դժոխքից կամ վախենում են, կամ չեն ուզում այնտեղ հայտնվել, մի խոսքով, դժոխքը չեն վայելում:
Եթե մարդը կամ քաղաքական ուժը ասում է, որ դժոխք է ստեղծելու եւ եթե նա պատրաստ է այդ դժոխքը վայելել, ուրեմն մի բան այն չէ, պրոբլեմ է: Չես կարող այլոց համար ստեղծել դժոխք, իսկ դու մնաս դրախտում, որովհետեւ գոնե պետք է լինես այդտեղ՝ խարույկը ջերմ պահելու համար»:





























