ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ ՄԶԳ Վաշինգթոնի գրասենյակի եւ  ՄԶԳ  Տեղահանված երեխաների եւ որբերի հարցերով  հիմնադրամի  ներկայացուցիչները: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը` տարիներ շարունակ ՀՀ կրթության ոլորտին տրամադրվող աջակցության համար, մասնավորապես, ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում: Ըստ Լեւոն Մկրտչյանի` ներառականության դռները պետք է ավելի լայն բացել, քան հատուկ կրթությունն է:

«Օրինակ, սիրիահայ երեխաների համար դժվար է ներառվել Հայաստանի դպրոցներում, քանի որ առկա են ուսումնական ծրագրերի, լեզվական եւ մտածողության տարբերություններ: Կարեւոր է, որ վերջիններս իրենց օտար  չզգան: Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը եւս շատ կարեւոր է»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս ուղղությամբ պետք է շատ աշխատել, քանի որ երբեմն կարեւոր ծրագրեր են առաջ քաշվում, սակայն իրականացման փուլում դրանք որոշակի խնդիրներ են առաջացնում:

Այս համատեքստում նախարարը կարեւորել է կադրերի վերապատրաստման եւ հասարակության մոտ համապատասխան կարծիքի ձեւավորման հարցը: Լեւոն Մկրտչյանը ընդգծել է նաեւ, որ պետք է սերտ համագործակցել ՀՀ սոցիալական հարցերի եւ ապահովության եւ ՀՀ առողջապահության նախարարությունների հետ` համատեղ ծրագրերի իրականացման, ներառական կրթության քարտեզի ընդլայնման, ինչպես նաեւ տնային կրթության պայմաններում ընտանիքներին տրամադրվող աջակցության տեսանկյունից:

Հանդիպմանը   ներկայացվել է նաեւ ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող   «MEASURE Evaluation» ծրագիրը: Նշվել է, որ Հայաստանը այն չորս երկրների շարքում է, որտեղ իրականացվելու է ծրագիրը: Դրա  նպատակը գործընկեր երկրների ղեկավար մարմինների կարողությունների հզորացումն ու իրավիճակի գնահատումն է  երեխաների պաշտպանության ոլորտում, խնամքի եւ հոգածության ազգային համակարգի բարեփոխման իրականացումը: Առաջարկվող ծրագրով   կձեւավորվի թիմ,  որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ ծրագրերը: Նախարար Լեւոն Մկրտչյանն առաջարկել է թիմում ներգրավել ոչ միայն պաշտոնյաների, այլ նաեւ հասարակության վստահությունը վայելող մտավորականների, բժիշկների եւ այլն, ովքեր կաջակցեն ծրագրի իրականացմանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել` հետագա աշխատանքները կազմակերպելու  ուղղությամբ շարունակական դարձնել նման աշխատանքային քննարկումները: