ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Լույս» հիմնադրամի «Առավոտյան հանդիպում «Լույս»-ում» խորագրով հանդիպում- քննարկմանը:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը եւ նշանակությունը՝ Հայաստանում եւ աշխարհում, անդրադարձել խնդիրներին, որոնց հաստատությունն առնչվում է ամենօրյա աշխատանքի ընթացքում: Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Արման Թաթոյանը խոսել է նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով Պաշտպանի ինստիտուտին վերապահվող նոր լիազորությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության մասին:
«Առավոտյան հանդիպում «Լույս»-ում» խորագրի ներքո Հիմնադրամը հյուրընկալում է ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներին եւ «Լույս»-ի շրջանավարտներին, քննարկվում են տարբեր ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարությունը, ներկայացվում են նաեւ Հիմնադրամի կրթաթոշակառուների կողմից Հայաստանում եւ աշխարհում իրագործվող տարբեր նախագծեր, որոնք նպաստում են հայրենիքի զարգացմանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւս «Լույս» հիմնադրամի աջակցությամբ սովորել եւ ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը (Upenn Law)`մագիստրոսական ծրագրով:





























