ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով «Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ աշխատակազմի ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, մի կողմից փորձել է մոլորեցնել հասարակությանը, մյուս կողմից, սակայն, անուղղակի ապացուցել, որ ներկայացված բոլոր մեղադրանքները ճշմարիտ են: Այս մասին հայտարարություն է տարածել «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ աշխատակազմը:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է.
«Ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող լաբորատորիանների թիվը 33 են, եւ որ ծիծաղելի է անգամ այստեղ մենաշնորհային դիրք տեսնել:
Մինչդեռ բաց նամակում նշել էինք եւ խոսել ոչ թե ՀՀ ողջ տարածքում, այլ Երեւան քաղաքում գործող չորս անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների մասին, որոնցից երեքում իրականացվել էր ապօրինի ստուգում, առանց համապատասխան ստուգաթերթի: Այդ լաբորատորիաների շուկայից դուրս մնալու պարագայում Ծառայության լաբորատորիան Երեւան քաղաքում ստանում է մենաշնորհային դիրք:
Ծառայությունն ըստ էության շրջանցում է փաստերը՝ փորձելով շեղել ուշադրությունը հիմնական պրոբլեմից եւ անպատասխան թողնելով հիմնական հարցադրումը:
Ի դեպ՝ հարկ է նշել, որ ՍԱՊԾ–ում հստակ չեն տիրապետում հանրապետությունում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերությունների (այսուհետ՝ ԱՍՓ) պարզ թվաքանակին: ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն` հանրապետությունում ԱՍՓ իրականացնող ընկերությունների թիվը 35 է եւ ոչ 33:
Բաց նամակում հստակ նշել էինք, որ լաբորատորիաները կարողացել են գոյություն պահպանել ի հաշիվ սննդամթերքի փորձաքննության՝ բարձրաձայնելով միայն վերջին երեք ամիսների փորձաքննության խնդիրը: Իսկ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ անվտանգության որոշ ցուցանիշներ փորձաքննում է միայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» լաբորատորիան, առաջին եռամսյակում փորձաքննությունների պատվերի քանակի տոկոսային պատկերը դառնում է խիստ տրամաբանական, ավելին` առաջին եռամսյակում առանց վերապահման գործող միակ լաբորատորիան եղել է «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ը:
Հրապարակելով առաջին եռամսյակում պատվիրված փորձաքննությունների թիվը՝ կրկին անգամ փորձել են ուշադրությունը շեղել հիմնական պրոբլեմից, այն է, որ գրեթե երեք ամիս լաբորատորիան գրեթե պատվեր չի ստացել:
Ավելին անուղղակիորեն ընդունել են, որ երբ որեւէ այլ լաբորատորիա որեւէ ցուցանիշ կարողանում է փորձաքննել, այլեւս այդ ցուցանիշը «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ին չեն պատվիրում, իրենց պարզաբանման մեջ նշելով, որ «ի դեպ, առաջիկայում գումարների բախշման ծավալների փոփոխություն կարող է լինել, քանի որ էքսպրես մեթոդով մանրէաբանական փորձաքննություններ արդեն կարող է նաեւ այլ լաբորատորիա»:
Ընկերությունն իր բաց նամակով ՀՀ Նախագահից խնդրել է հավասար պայմաններ դաշտում գործող բոլոր լաբորատորիաների համար` դեմ արտահայտվելով արտոնյալ պայմաններին, որը տարածվում է նաեւ կազմակերպության վրա:
Նույն կերպ էլ հիմնավորել են լաբորատորիայի կողմից իրականացվող ծախսերի արդյունավետությունը: Ըստ էության միայն էմոցիոնիալ գնահատականներ տալով եւ որեւէ կերպ չանրադառնալով, թե օրինակ ինչու՞ է նոր մեքենա գնվում եւ արդյո՞ք այդ գումարով հնարավոր չէր զարգացնել լաբորատոր որեւէ ենթակառուցվածք:
Ներկայացնում ենք փաստեր առանց որեւէ էմոցիոնիալ գնահատականի, ունենալով մեկ նպատակ՝ թույլ չտալ ծառայությանը մոլորեցնելու հասարակությանը եւ որպես պրոբլեմի հերքում փորձել ներկայացնել իրականում պրոբլեմի հաստատումը:





























