Կառավարության ծրագրի վերաբերյալ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը միասնական դիրքորոշում է հայտնելու, քվեարկությունը չի թողնելու պատգամավորների հայեցողությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ մինչ այս պահը Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը բացի հայտարարություններից՝ որեւէ տեսանելի քայլ չի կատարել։

«Որքան ես տեղյակ եմ՝ ներդրումների խումբը, որ ստեղծվել է 2017 թվականի համար, պետք է 850 միլիոն դալարի ներդրում արվեր, ամեն դեպքում, գուցե արվել է, մենք տեղյակ չենք, կամ հստակ պայմանավորվածություններ կան, երբ որ մեզ կներկայացվի հաշվետվություն անցած ամիսների վերաբերյալ՝ ինչ է արվել, խմբակցությունում կքննարկենք ու մեր  քվեարկության տեսքով մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Մեր դիտարկմանը՝«Ծառուկյան» խմբակցության տեսակետը պայմանավորված է լինելու վարչապետի կողմից ներկայացվելիք հաշվետվությա՞մբ, Զոհրաբյանն արձագանքել է. «Այս պահին ներկայացնում եմ իմ անձնական կարծիքը՝ տեսանելի տեղաշարժ տնտեսության ոլորտում չեմ տեսել,  այս պահին իրավունք չունեմ խմբակցության դիրքորոշումը հայտնելու»,–ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, կառավարության ծրագիրը ԱԺ-ում կքննարկվի հունիսի 19-ին: