Մտածեք, թե ինչպես կարող եք Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի արժանահավատ դարձնել: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ իր խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Հայերի համար ի՞նչ է կարեւոր՝ երեք բան՝ ԿԸՀ-ն, որը ոչ միայն արդյունավետ է, այստեղ հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ եւ այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաեւ այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ եւ հանրային վստահությունը վայելող կառույց»,- ընդգծեց նա:

Սվիտալսկիի խոսքով, ոչ ոք չի կարող ասել, որ վերջին ընտրությունները Հայաստանում կատարյալ էին, հայտարարել, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, որն անհրաժեշտ է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելության. «Սա դեռեւս գործընթաց է, մենք կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ»,–ասաց նա: