Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի արժանահավատության գնահատականը տվել են հայ ընտրողները: NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հայտարարությանը ասաց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Հետընտրական շրջանի ուսումնասիրությունը նույնպես միանշանակ պատասխան է տալիս այդ բոլոր հարցերին»,- ասաց Տիգրան Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ի աշխատանքն արդյունավետ է, սակայն ոչ արժանահավատ եւ հորդորել էր քայլեր ձեռնարկել արժանահավատությունը բարձրացնելու ուղղությամբ: Սվիտալսկին նաեւ անդրադարձել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմին:

«Սվիտալսկին խոսել է այսօր ԿԸՀ-ի՝ նախկինում եղած առաջարկներին, օրինակ, այլ կազմով ձեւավորելուն, որ ավելի ընդգրկվածություն ունենա ԿԸՀ-ի կազմը, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ լինեն, այսինքն խոսել է մոդելի մասին: Ներկայիս կազմի մասին ինքը գնահատական չի տվել, անդրադարձել է նախկինում եղած քննարկումներին: Եթե մոդելի մասին ենք խոսում, ես կարծում եմ, որ մոդելի ընտրության խնդիրը Ազգային ժողովի որոշելիք հարցն է, որն ամրագրվում է Ընտրական օրենսգրքով: Մասնագիտական կարծիք էլ այդ հարցի վերաբերյալ կարող են տալ մասնագիտական կազմակերպությունները, հետեւաբար Սվիտալսկիի կարծիքին վերաբերում եմ որպես սոսկ կարծիք եւ ոչ ավելին»,- ասաց Տիգրան Մուկուչյանը: