Տեսակետներ ներկայացնելիս կարեւոր են ազնվությունն ու անկեղծությունը. պետք չէ գույները խտացնել, շեշտադրումներ անել մեկ տոկոս խափանումների վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ նշել է Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով նույն համաժողովում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հայտարարությանը, թե Հայաստան ԱԺ ընտրություններում եղել են ընտրակաշառքի, ձայներ գնելու, սպառնալիքների դեպքեր:

«Սա ծայրահեղացված մոտեցում է: Իհարկե, որեւէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել եւ մատնացույց անել թերությունները, սակայն այս ընտրություններով մենք արձանագրեցինք լրջագույն առաջընթաց: Նոր ընտրակարգով իրականացված ընտրությունների ժամանակ միանշանակ էր էական առաջընթացը: Հետընտրական շրջանի հանրային ընկալումը ասվածի փայլուն վկայությունն էր»,- ընդգծել է Մուկուչյանը:

Նրա խոսքով, ընտրական նոր օրենսգրքի ընդունումը Հայաստանում ընտրական նոր մշակույթի մեկնարկ էր, որտեղ առաջին անգամ խիստ կարեւորագույն հարցերի վերաբերյալ եղան կոնսենսուային լուծումներ, մասնավորապես հրապարակեցին ընտրողների ստորագրություններով ցուցակները. «Առանձնահատուկ ուզում եմ շեշտել «Ընտրական օրենսգրքում» ամրագրված լայն թափանցիկություն ապահովող իրավանորմերի մասին՝ ցուցակների ներբեռնում, քվեարկության մասնակիցների վերաբերյալ տվյալների տրամադրում, տեսալուսանկարահանման անսահմանափակ հնարավորություն եւ այլն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նույն քննարկման ընթացքում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԱԺ ընտրություններին եղել են ձայներ գնելու, ընտրակաշառք բաժանելու եւ սպառնալիքներ հնչեցնելու, ընտրությունն ուղղորդելու դեպքեր: «Բուժհասըտատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել են բժիշկները: Եղել են  դեպքեր, երբ մարդիկ ծեծի են ենթարկվել, նվաստացվել: Սրանք անընդունելի երեւույթներ են, որոնք պետք է վերացվեն»,- ասել էր նա: