Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել: Այս մասին այսօր` հունիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանը: Նա լրագրողներին ներկայացրեց, թե իր պաշտոնավարման երեք ամիսների ընթացքում տուն-ինտերնատում ինչ բարեփոխումներ են կատարվել:
«Իմ կողմից ոչ մի արտոնություն չի ընդունվում` ոչ խնամյալների, ոչ աշխատակիցների կողմից: Որոշակի փոփոխություններ են կատարվել այս առումով: Ընդամենը մոտ 3 ամիս է, որ տնօրենի պաշտոնակատար եմ, ստանձնել եմ շատ մեծ պարտականություններ` կատարել փոփոխություններ, բարելավելու մեր խնամյալների կենսապայմանները: Այս ամիսների ընթացքում կազմակերպել ենք գնումների գործընթացը` դեղորայքների, սանիտարական ապրանքների: Անկողնային մասնաշենքի համար Քուվեյթի պետության ֆինանասավորմամբ նոր մասնաշենք է կառուցվել, մնացել է գույքի ձեռքբերումը: Պահեստամաս է կառուցվել, քանի որ տեղ չկար սնունդը պահպանելու, սնունդի որակն է բաձրացվել ներկա պահին 4 սենյակ է վերանորոգովում` դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ: Կարանտին սենյակ չունեինք, երկու սենյակ է վերանորոգվում այս պահին, Քուվեյթի պետությունը ֆինանասավորել է հարակից տարածքի բերակարգման եւ լվացքատան վերանորոգման ծախսերը: Կարծում եմ, որ մինչեւ Նոր տարի շատ բաներ փոփոխված կլինեն, ես խոստանում եմ, որ մենք Հայաստանում լինելու ենք թիվ 1 տուն-ինտերնատը»,-ասաց նա:
Վահան Զուրաբյանը նաեւ նշեց, որ առաջնահերթ է տուն-ինտերնատի տարածքում ստեղծել պայմաններ, որպեսզի խնամյալները կարողանան ձեռնարկատիրական աշխատանքով զբաղվել:
«Ձեռնարկատիրական աշխատանքներ ենք կազմակերպելու, ներառելու ենք խնամյալներին, որպեսզի իրենց կարեւոր զգան, զբաղված լինեն աշխատանքով: Ակումբի վերանորոգման հարցը եւս կարեւոր է, մեր խնամյալներին տարբեր միջոցառումներով զբաղեցնելու համար: Նաեւ կարեւոր է տուն-ինտերնատում ապրող հաշմանդամ խնամյալների համար շենքը հարմարեցնել, քանի որ շենքի որոշ մասը հարմարեցված է հաշմանդամների տեղաշարժման համար, մի մաը` ոչ»,-ասաց նա:
Վահան Զուրաբյանն անդրադառնալով տուն-ինտերնատում առկա հոգեկան հիվանդություններով խնամյալներին հոգեբուժարան տեղափոխելու խնդրին, նշեց, որ տուն-ինտերնատում հոգեբույժ չկա եւ նա արդեն դիմել է «Նուբարաշենի» հոգեբուժարան, որպեսզի տուն-ինտերնատ գործուղեն հոգեբույժներ, սակայն, դեռ պատասխան չի ստացել. «Մենք նման իրավունք չունենք` որակավորում տալ` անձը հիվանդ է, թե ոչ: «Նուբարաշենի» հոգեբուժարան եմ դիմել, որպեսզի հոգեբույժներ բերեն, տան հոգեկան հիվանդության եզրակացություն եւ այդ մարդկանց տեղափոխենք հոգեբուժարան, բայց դեռ պատասխան չկա»:
Տուն-ինտերնատի տնօերնը նշեց, որ իր պաշտոնը ստանձնելուց հետո նկատել է աշխատակիցների` տարեցների նկատմամաբ վատ վերաբերմունք դրսեւորելու դեպքեր, որոնք արդեն պատժվել են. «Մեծ մարդիկ են, չի բացառվում, որ կարողանան աշխատակցին հունից հանել, սակայն, դա չեմ ընդունում, պետք է կարողանան հանդուրժել»:
Հիշեցնենք, որ ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը բաց նամակ էր ուղղել վարչապետին եւ տեղեկացրել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում տեղի ունեցող չարաշահումների մասին: Նամակում դժգոհությունները հիմնականում նորանշանակ տնօրեն Վահան Զուրաբյանի գործելաոճին են ուղղված. նրան մեղադրում են ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու, «ծերերին տեռորի ենթարկելու» մեջ: Նշվել է, որ տուն-ինտերնատում կան խնդիրներ կապված սննդի, չարաշահումների եւ բնակիչների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, որոնց մասին արդեն մի քանի անգամ բարձրաձայնում են, սակայն, այդպես էլ ոչինչ չի արվում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները մոտ երկու շաբաթ առաջ մանրամասն ստուգումներ են իրականացրել տուն-ինտերնատում եւ արձանագրել մի շարք խնդիրներ:





























