Բացահայտվել են շատ դեպքեր, երբ սահմանափակվել է տնտեսվարողների՝ պետգնումներին մասնակցելու հնարավորությունը։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։
Նշենք, որ «Ի-ՎԻ Քոնսալթինգ» ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Բաղդասարյանը ՏՄՊՊՀ-ին դժգոհություն էր հայտնել, թե պետական գնումների շրջանակներում մրցույթներ հայտարարող կառույցները որոշ դեպքերում ձերք բերվող ապրանքների համար, օրինակ ավտոմեքենաների, միտումնավոր կերպով այնպիսի տեխնիկական բնութագրեր են կազմում, որոնց չափանիշներին եւ պահանջներին բավարարում են միայն կոնկրետ ընկերություններ։ «Խոսքը վերաբերում է մասնավորապես ավտոմեքենաների գնման գործընթացին»,- ասել էր նա։
Ըստ Գ. Բաղդասարյանի, արդյունքում, շուկայում գործող մյուս ընկերութունները հնարավորություն չեն ունենում մասնակցելու մրցույթներին, եւ ստեղծվում են անհավասար պայմաններ: Այս մասին տնտեսվարողը բարձրաձայնեց ՏՄՊՊՀ-ի եւ ԱՄՆ առեւտրի պալատի համատեղ քննարկման ժամանակ:
Ի պատասխան բարձրացված հարցի, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանեց, որ, իսկապես, նման խնդիր առկա է, գնումների ոլորտում Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում եւս բացահայտվել են այդպիսի խնդիրներ. « Այս ոլորտում Հանձնաժողովի կողմից վերջերս իրականացված լայնածավալ ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են մի շարք հիվանդանոցների, մանկատների, ծերանոցների եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ քաղաքային համայնքների կողմից իրականացված մրցույթներ։ Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, երբ պատվիրատուները մրցույթների հրավերներում հղումներ են կատարել կոնկրետ ֆիրմային անվանումների եւ առեւտրային նշանների, կամ ձեռքբերվող ապրանքների համար անհարկի կերպով նեղացրել են տեխնիկական բնութագրերում նշվող պահանջները։ Արդյունքում շատ դեպքերում մրցույթներին մասնակցելու հնարավորություն են ունեցել խիստ սահմանափակ թվով ընկերություններ եւ սահմանափակվել է այլ մասնակիցների՝ մրցույթներին մասնակցելու հնարավորությունը»,- նշել է նա։
Արտակ Շաբոյանը նաեւ նշեց, որ չնայած այս դրսեւորումներն ուղղակիորեն իրենց բացասական ազդեցությունն են թողնում մրցակցության վրա, այնուամենայնիվ դրանք առնչվում են գնումների օրենսդրության խախտումներին եւ գտնվում են այլ պետական մարմինների իրավասությունների ներքո. «Նման խախտումները կանխարգելելու եւ վերջնական լուծում տալու նպատակով, Հանձնաժողովը ակտիվ կերպով համագործակցում է համապատասխան պետական մարմինների հետ։ Միեւնույն ժամանակ Հանձնաժողովը նախաձեռնել է նաեւ օրենսդրական փոփոխություններ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետագայում մրցույթներում հակամրցակցային համաձայնությունների, անհարկի ուղղորդումների բացահատյման դեպքում պատասխանատվության ենթարկել նաեւ չարաշահումներ թույլ տված պետական պաշտոնյաներին»։





























