Հայաստանում դատաիրավական ոլորտում խնդիրների լուծումը հաճախ պարզունակ քայլեր է պահանջում։ Այդ մասին այսօր՝ հունիսի 21-ին ԱԺ նիստում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով Արդար եւ խելացի Հայաստան ունենալու իր տեսլականը։
Նա մասնավորապես անդրադարձել է արդարադատության ոլորտին՝ կարեւորելով արդար եւ անկողմնակալ դատական համակարգի ստեղծումը, սահմանադրական կանոնակարգումներին «միս ու արյուն տալը»: Այս նպատակով նախատեսվում է քրեական եւ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքերի ներկայացումը ԱԺ:
Նախարարն անդրադարձել է նաեւ դատական իշխանության հետ կապված մի քանի ինստիտուտների՝ փաստաբանության, նոտարիատի, դատական ակտերի կատարման հարկադիր ծառայության հետ կապված խնդիրներին:
Նա վստահեցրել է, որ ընդլայնվելու է անվճար կամ մատչելի իրավական խորհրդատվությունը: Իրավական գործարքների կնքման գործում Հարությունյանը կարեւորել է նոտարի դերը, որը պետք է դեռեւս գործարքի կնքման փուլում կանխատեսի հնարավոր վեճերը եւ կանխի: «Ուշադրության կենտրոնում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, եւ շուտով ներկայացնեկու ենք մի շարք օրենսդրական փոփոխություններ, տրամադրելու ենք գործիքներ, որպեսզի ակտերը կատարվեն արդյունավետ, սեղմ ժամկետում, ոչ պակաս կարեւոր ենք համարում խթանել նաեւ ակտերի կամավոր կատարումը»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը նշել է, որ ժամանակատար եւ ռեսուրսատար է հատկապես քրեակատարողական ոլորտի կարգավորումը: Նրա կարծիքով, կրկնահանցագործությունները մեծ մասամբ կապված են գործազրկության հետ, ուստի նոր ծրագրով նախատեսվում է մասնագիտական կրթությամբ ապահովել նախկինում դատապարտված անձանց:
Խելացի Հայաստանի տեսլականը նախարարը պատկերացնում է դատաիրավական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ: «Փորձում ենք այնպես անել, որ շատ ծառայություններ անձը կարողանա ստանալ տանը՝ չհեռանալով իր համակարգչից: Սկսել ենք փորձարկել էլեկտրոնային ապոստիլ ծրագիրը: Անմիջապես դիմողների էլեկտրոնային հասցեներով կուղարկվի հաստատված փաստաթուղթ՝ համապատասխան կոդով, եւ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում յուրաքանչյուր ոք, օտարերկրացի գործընկերները, որոնք պահանջում են ապոստիլով հաստատված փաստաթուղթ, հնարավորություն կունենան կայքէջում անմիջապես ստուգելու համապատասխան փաստաթղթի վավերացված լինելը»,- ասել է Հարությունյանը: Նա շեշտել է, որ դատաիրավական ոլորտում խնդիրների լուծումը հաճախ պարզունակ քայլեր է պահանջում եւ վստահեցրել է, որ դրանք կատարվելու են:





























