Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման 10 տարիների ընթացքում դիզեց միլիոններ եւ դեռ ուզում է գալ իշխանության, իսկ դա կլինի մեր երկրի ողբերգության սկիզբը: Այս մասին նոյեմբերի 29-ին՝ Հայսատանում սովետական կարգերի հաստատման 90-ամյակի օրը հրավիրված ՀԿԿ 38-րդ համագումարում  հայտարարեց կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա իր մեկուկես ժամից ավելի տեւած ելույթում խիստ քննադատության ենթարկեց անկախ Հայաստանի անցած 19 տարիների քաղաքական, տնտեսական կյանքը, նշելով, որ երկրում համատարած թալան է իրականացվել, ժողովուրդը ենթարկվել է ունեզրկման եւ զրկանքների: «Հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, ժողովրդից գողացվածը պետք է վերադարձվի ժողովրդին»,-հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարը, ում ղեկավարած կուսակցությունը հավակնում է գալ իշխանության: Թովմասյանի խոսքով՝ յուրայիններին ու օտարներին են վաճառվել երկրի արդյունաբերական հզոր ձեռնարկությունները, հանքային եւ հանգստի գոտիները:

«Երկրի անգրագետ ղեկավարման հետեւանքով կրճատվել են տնտեսության բոլոր ճյուղերը, անտանելի է դարձել գյուղի աշխատավորի կյանքը, իսկ կաշառակերությունն ու կոռուպցիան ծաղկում են: Հակաժողովրդական իշխանությունների գործելակերպի եւ վայրագության ապացույց էին նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, երբ ժողովրդի խաղաղ ցույցերը դաժանորեն ճնշվեցին: Գնդակահարվեց 10 մարդ, բանտերը լցվեցին բավական թվով մարդկանցով: ՀԿԿ-ն առաջինը հանդես եկավ հայտարարությամբ, դատապարտեց հակաժողովրդական իշխանությունների գործունեությունը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հետապնդումները եւ ազատ արձակել կալանավորվածներին»,-հայտարարեց  Թովմասյանը:

Ի դեպ, այն ընթացքում, երբ՝ ներկաներից մեկի բնորոշմամբ՝ «հնադարյան» կուսակցության առաջնորդը ելույթ էր ունենում, կառավարության նիստերի դահլիճի միջանցքում մի քանի կուսակցականներ բամբասում էին իրենց ղեկավարից՝ նրան ավանելով «հավայի տեղը ջուր ծեծող»: «Ասա, քո ձեռն ի՞նչ կա, որ քեզ անիմաստ կոտորում ես»,-սրտնեղեց պատկառելի տարիքի մի կոմունսիտ:

Ուշագրավ է, որ համագումարին բացի կոմունիստներից, Հայաստանի ոչ մի այլ կուսակցության ներկայացուցիչ ներկա չէր: