«Հյուսիս-Հարավ» մայրուղին այժմ առաջանցիկ տեմպով է կառուցվում: Այս մասին հունիսի 27-ին հայտարարեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին փոխնախարար Գագիկ Գրիգորյանը` ելույթ ունենալով ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը:
Նրա խոսքով` ծրագրած 17,3 մլրդ դրամից արդեն տնօրինում են 24 մլրդ: Առաջին տրանշով աշխատանքները (Երեւան-Արտաշատ, Երեւան-Աշտարակ) փաստացի լիովին ավարտվել են, երկրորդով (Աշտարակ-Թալին)` ընթանում են: Երրորդ տրանշով (Թալին-Գյումրի) հողային աշխատանքներ են կատարվում եւ փորձնական բետոնածածկում:
«Հյուսիս-Հարավ» 4 ուղեգծով մայրուղին կկրճատի Իրանի սահմանից մինչեւ Վրաստանի սահման ճանապարհի տեւողությունը, ինչպես նաեւ ներկայիս հեռավորությունը 556 կմ-ից 495 կդարձնի` մի շարք լեռնային հատվածների հարթեցման եւ նոր, ավելի ուղիղ հատվածների (Արարատից Վայոց ձորի մարզով մինչեւ Սիսիանի շրջանի Նորավան գյուղ, իսկ այնտեղից Քաջարան) կառուցելու հաշվին: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է մոտ 960 մլն դոլար, նախագծի հիմնական վարկատուն է Ասիական զարգացման բանկը (մոտ 500 մլն դոլար):





























