Հայաստանը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին վարել է բազմավեկտոր քաղաքականություն, իսկ կոնկրետ Իրանի հետ մեր երկրի հարաբերությունները բաց եւ թացանցիկ են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուրադ Շարմազանովը՝ անդրադառնալով WikiLeaks կայքում հրապարակված՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթերին: Դրանցից մեկում ԱՄՆ-ը մեղադրում է Հայաստանին՝ Իրանին անօրինական զենք վաճառելու մեջ:

«Մեր հարաբերությունները Իրանի հետ միջազգային հանրության աչքի առաջ են եւ մենք հետաքրքրված ենք, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները լինեն նորմալ, որովհետեւ Հայաստանն ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ ունի դրական, զարգացող հարաբերություններ եւ դա բխում է մեր երկրի շահերից»,-հայտարարեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություններին, ապա ՀՀԿ մամուլի քարտուղարը նշեց. «Ալիեւը եւս մեկ անգամ շարունակում է միջազգային հանրությանը զարմացնել իր անհեթեթ հայտարարություններով, իսկ այս անգամ նա երեւաց որպես երկերեսանի կերպար, որովհետեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի, Իրանի  ղեկավարներին գրկաբաց ընդունելով, նրանց առաջ հավատարմության երդումներ տալով նա մեկ այլ երկրի պաշտոնյայի մոտ փնովում է նրանց եւ քննարկում նրանց բացթողումները»: Ըստ Շարմազանովի՝ սկանդալային կայքի հրապարակումներից հետո թե՜ Ռուսաստանում, թե՜ Թուրքիայում, եւ թե՜ Իրանում հասարակական դժգոհության ալիք կբարձրանա Ալիեւի վարած քաղաքականության հետեւանքով:

Հարցին, թե Իրանին զենք վաճառելու հանգամանքի ի հայտ գալը կարո՞ղ է հայ-ամերիկյան հարաբրությունների վրա բացասաբար ազդեցություն ունենալ, ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, թե Հայաստանը որեւէ բան թաքուն չի արել ոչ Ռուսաստանի, ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Իրանի եւ ոչ էլ ԵՄ անդամ երեւէ երկրի հետ: «Հայաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն եւ անվտանգություն: Ինչ վերաբերում է ամերիկյան պաշտոնյաների վերաբերմունքին մեր երկրի քաղաքական վերնախավի եւ նախագահի կողմից իրականացվող քաղաքականության հանդեպ, ապա հիշում եք, երբ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնը եկավ Հայաստան, ինչպիսի հիացական խոսքեր հնչեցրեց Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության մասին: Սա շատ բանի մասին է խոսում»,-հայտարարեց Շարմազանովը:

Հիշեցնենք, որ  WikiLeaks սկանդալային կայքը սենսացիոն բացահայտումներ է արել՝ հրապարակելով  ԱՄՆ վարած արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ գաղտնի նոր փաստաթղթեր: Հանրությանը սեփականությունը դարձած այդ փաստաթղթերը  կարող են լրջագույն դիվանագիտական ճգնաժամի պատճառ դառնալ: