Առաքման ծառայություններ իրականացնող «menu.am» ապրանքային նշանի սեփականատեր «Ինտերնետ Փրոջեքթս» ընկերությունը բողոք դիմում է ներկայացրել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ընդդեմ «Կանդելլա» ՍՊԸ-ի:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բողոքի, «Կանդելլա» ՍՊԸ-ին է պատկանում նույնանման ծառայություններ իրականացնող «buy.am» կայքը, սակայն, ընկերությունը գրանցել է նաեւ մեկ տառի տարբերությամբ՝ «menyu.am» դոմենը, որը ուղղորդում է դեպի «buy.am»: Այսինքն, սպառողը ինտերնետային էջում հավաքելով «menyu.am», մեխանիկորեն հայտնվում է «buy.am»-ում եւ պատվերներ է կատարում այդ կայքի միջոցով:

Ըստ բողոքող կողմի, նմանատիպ խախտումները լայն տարածում են գտնում, երբ հայտնի ապրանքային նշանին եւ դոմենին նմանակող դոմեն է գրանցվում՝ սպառողներին ուղղորդելով օգտվել իրենց ծառայություններից:

Հանձնաժողովը վարույթի ընթացքում պարզել է, որ «Կանդելլայի» նման վարքագիծը կարող է սպառողների մոտ շփոթություն առաջացնել «menu.am»-ի սպառողների մոտ, քանի որ շատերը, գովազդային հոլովակներում կամ այլ աղբյուրներից տեղեկացել են «menu.am» կայքի մասին, մտաբերել են այն հայերեն, որպես «Մենյու Էյ Էմ»: Շատ մեծ է հավանականությունը, որ օնլայն ընկերության ծառայություններին դիմելու նպատակով «menu.am» դոմենի փոխարեն հավաքեն «menyu.am» եւ հայտնվեն «buy.am» հասցեով կայքում:

Ակնհայտ է, որ «menyu.am» կայքը շփոթության աստիճան նման է «menu.am» դոմենին եւ ապրանքային նշանին, որոնք հայերենում հնչում են ամբողջությամբ նույնական: ՏՄՊՊՀ որոշմամբ, «menyu.am» կայքի օգտագործումը եւ այն «buy.am» կայքին ուղղորդումը հանդիսանում է «menu.am» կայքի եւ ապրանքային նշանի սեփականատիրոջ նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում, ինչի համար «Կանդելլա» ՍՊԸ-ն ստացավ նախազգուշացում՝ խախտումը սեղմ ժամկետում վերացնելու հանձնարարականով: