2016 թվականին Հայաստանում բարձրագույն կրթության ծախսերն ավելացել են 4.7 տոկոսով եւ կազմել 11.6 մլրդ դրամ։ Դրանցից 10.7 մլրդ-ը՝ բուհական, 912 մլն-ը՝ հետբուհական կրթությանն են հատկացվել։ Այս մասին ասված է 2016 թվականի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվությունում, որը քննարկվում է խորհրդարանական մշտական հանձնաժողովներում:
Ծախսերի ավելացումը հիմնականում կապված է կրթաթոշակների եւ ուսման վճարների համար փոխհատուցումների հետ։ Դրա համար 8 մլրդ դրամ է ծախսվել։ Իսկ ուսումնական վարկերի համաֆինանսավորման համար շուրջ 43 մլն դրամ է հատկացվել։ Ասպիրանտուրայում եւ դոկտորատուրայում կրթաթոշակների համար շուրջ 38.6 մլն դրամ է հատկացվել։
Ասպիրանտուրայում ուսանողների թիվը 856 է, օրդինատուրայում (ներառյալ՝ ինտերնատուրան)՝ 223, դոկտորատուրայում՝ 18։





























