Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի շահերի պաշտպանի բողոքը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանից: Պաշտպանը նշեց, որ դիմելու է Վճռաբեկ դատարան, այս պահին սպասում է Վերաքննիչ դատարանի որոշման ստացմանը:

Նշենք, որ Արմինե Ֆանյանը վերաքննիչ բողոքով պահանջում է փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը:

Արկադի Քոչինյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, հայտնում է, որ ինքն այդ վայրում է գտնվել ընկերոջ հրավերով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝  ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ  կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, եւ որ  խմբի անդամների միջեւ հաղորդակցությունն ապահովելու նպատակով  օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու եւ նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: