Հայաստանի կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը կարեւոր է ոչ միայն նրանով, որ կանխորոշում է երկրի տնտեսության հիմնական ուղղությունները, այլեւ ըստ էության այն առաջինն է կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի օրոք։ Այս մասին հուլիսի 3-ին լրագրողներին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Փորձագետի կարծիքով՝ ծրագրի ակտիվ քննարկումը հանրության ու տարբեր քաղաքական ուժերի կողմից պայմանավորված է նրանով, որ այն առաջինն է՝ քաղաքական նոր իրականության պայմաններում։ «Եթե փորձենք գնահատել ծրագիրը եւ դրանում ներկայացված գործունեությունը, պետք է ասել, որ այն մասնագիտական բարձր մակարդակում լավ մշակված է»,-նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ կառավարության ծրագրում հստակ նկարագրված են բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնց հետ երկիրը ստիպված է բախվել ամեն օր։

Դրան զուգընթաց՝ փորձագետը նշեց, որ ծրագրում նշված են նաեւ այդ խնդիրների լուծման մեխանիզմները։ Ընդհանուր առմամբ խոսելով կառավարության ծրագրի մասին ՝ տնտեսագետը հայտարարեց, որ իր համար կարեւոր է դրանում հստակ խնդիրներն ու մարտահրավերները թվարկելու փաստը, որոնք պետք է լուծվեն եւ որ պակաս կարեւոր չէ, դրանց լուծման ժամկետները։ Կառավարության ներկայացրած նախորդ ծրագրերում նման բան չի եղել։

«Ինչ վերաբերում է հիմնական ուղղություններին, ապա իմ կարծիքով, ամենակարեւորը թվային օրակարգի ձեւավորումն է։ Այսինքն՝ պետական կառավարման համակարգում նոր տեխնոլոգիաների ներդնումը։ Դա ենթադրում է ոչ միայն հասարակության ու բիզնեսի հետ շփման էլեկտրոնային հարթակ, այլեւ կառավարության աշխատանքի ու գործունեության մոնիթորինգ», -հստակեցրեց տնտեսագետը։

Փորձագետի խոսքով՝ կառավարության ծրագրի ուղղություններից մեկը դատական-գործադիր մարմնի բարեփոխումներն են։ Նա կարծում է, որ դա կապված է դրա նկատմամբ հայ հասարակության անվստահության բարձր մակարդակի հետ։ Խաչատրյանը նաեւ ընդգծեց կառավարության ծրագրում տնտեսական բաղադրիչի կարեւորությունը։

«Տնտեսության զարգացման տեսանկյունից երկու բաղադրիչներ կան։ Առաջինը արտահանումն է։ Գիտեք, որ կառավարության ծրագրում նախատեսվում է մեծացնել արտահանման ծավալները՝ համախառն ներքին արդյունքի շրջանակում եւ այն հասցնել 30-45 տոկոսի։ Իրականում դրանք բավական մեծ թվեր են։ Բայց մյուս կողմից, դրանք արդարացված են», - ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ կառավարության հայտարարած թվերը բավական հավակնոտ են։ Սակայն եթե գործադիր իշխանությունն իր առջեւ նման խնդիրներ չդնի, ապա դժվար է լուծել բոլոր խնդիրներն ու հաղթահարել մարտահրավերները, որոնք ծառացել են հանրապետության առջեւ։ Նրա կարծիքով՝ երկրորդ բաղադրիչը, որը կարող է նպաստել տնտեսական աճին, ներդրումներ ներգրավելն է։