Կան գյուղատնտեսական ծրագրեր, որ հեռանկարային չեն դառնում, մասնավորապես լիզինգով գյուղտեխնիկայի տրամադրման եւ մեքենատրակտորային կայանների ստեղծման ծրագրերը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ, ՀՀ ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, ԵՄ արեւելյան գործընկերության երկրների գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պանելի անդամ Սարգիս Սեդրակյանը։

Նրա կարծիքով՝ լիզինգով տրամադրվող գյուղտեխնիկան լավ գաղափար է, բայց Հայաստանում չի կարող աշխատել, քանի որ գյուղացիության մեծ մասը խրված է օրեցօր աճող հարկերի եւ տոկոսների մեջ։ «Այսօր գյուղացուն ասենք՝ արի, տեխնիկա գնի, կասի՝ 1 հա հող ունեմ, ենթադրենք՝ մի տրակտոր վերցնեմ, էդ 1 հա–ի վրա ի՞նչ անեմ, քանի՞ տարում էդ ծախսը փակեմ»,– նշեց Սեդրակյանը՝ հավելելով, որ լիզինգով գյուղտեխնիկայից օգտվում են մարզպետները, գյուղապետերը, ուստի ծրագիրը իրեն չարդարացրեց։

Ըստ մասնագետի, չի արդարացվելու նաեւ մեքենատրակտորային կայանների ստեղծման ծրագիրը, որովհետեւ չեն խորհրդակցում քաղաքացիների եւ մասնագետների հետ։ «Այսօր գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին,  որը գյուղինստիտուտի կոմսոմոլի սեղանից վեր է կացել, փոխնախարար է աշխատում, որ կուլտիվատորի թարս ու շիտակն էլ չի տարբերում, տվել, ասել են՝ դու գյուղատնտոսական մեքնատրակտորային կահանների ստեղծման ծրագիրը կոորդինացրու։  Մի մասնագետի չեն հարցնում, իրենց դնում են ամենագետ տեղ, դրա համար էլ չի արդարացվում»,– ասաց Սեդրակյանը՝ առաջարկելով իր ծրագիրը, որը նաեւ գյուղնախարարություն է ներկայացրել։ Ծրագիրը ենթադրում է մեքենատրակտորային պարկերի ստեղծում, որը պետք է տրամադրի պետությունը եւ ինքն էլ սահմանի սակագները եւ վերահսկի։

«Մեքենատրակտորային պարկը, տեխնիկան,  թող տան կոպերատիվներին։ Ամենալավ տարբերակը կոպերացիան է, կոլխոզն էլ դրա մի ձեւ է, որ գյուղացիները կամավոր հիմունքներով միավորում են հողակտորները,  միասին մշակում, ստացված բերքի ինքնարժեքն էլ ցածր է լինում, բայց Կառավարությանը ձեռք չի տալիս»,– ասաց Սեդրակյանը եւ հավելեց. «Այսօր մտնեք, հարցնեք գյուղացիներին՝ ձեզ այսօր առաջինն ի՞նչ է պետք, միանգամից կասեն՝ գյուղտեոխնիկա։ Մեզ մոտ սովետական հնամաշ, շարքից դուրս եկած կոմբայններ եւ տրակտորներ են, որ ամոթ էլ է այս դարաշրջանում»։