Գալու է ժամանակ, երբ համայնքների խոշորացման հետեւանքով գյուղերից մնալու են միայն այն ցուցանակները, որոնց վրա գրված է գյուղի անունը, միայն իմանալու են, որ այդտեղ գյուղ է եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ, ՀՀ ռազմավարական ծրագրերի քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, ԵՄ արեւելյան գործընկերության երկրների գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պանելի անդամ Սարգիս Սեդրակյանը։

Նրա խոսքով՝ համայնքների խոշորացմանը դեմ է ցանկացած խելամիտ գյուղացի, որովհետեւ բոլոր ծրագրերը իրականացվելու են կենտրոնական համայնքում, իսկ մյուս գյուղերն անուշադրության են մատնվելու։ «Գումարները կենտրոնանալու են կենտրոնական համայնքում, մյուսների վրա առաջին 2 տարին սիմվոլիկ գումար կծախսեն, ցուցադրական ուշադրություն դարձնեն, հետո կմոռանան»,–ասաց Սեդրակյանը։

Նրա կարծիքով, այս ծրագրի կողմնակիցներին չի հետաքրքրում գյուղի ճակատագիրը։ «Մենք հանդիպեցիք  Ամերիկայի դեսպան Միլսի հետ, ասաց, որ ֆինանսապես աջակցելու են համայնքների միավորմանը։ Երբ ասացի, որ դեմ ենք, զարմացավ, որովհետեւ Հայաստանում այնքան մարդ է ասել, որ կողմ է։ Խոշորացման նպատակով գումար է տրամադրված, եւ կողմ արտահայտվողները օգտվելու են այդ կերակրատաշտից, այդ գումարով իրենց հարցերն են լուծելու։ Նրանց գյուղի ճակատագիրը չի հուզում»,– ասաց Սեդրակյանը։

Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ համայնքների խոշորացման մասին Կառավարության հիմնավորումները սխալ են. «Ասում են՝ գումարի, բյուջեի տնտեսում կլինի, աշխատողները կկրճատվեն, կմիավորվեն, մեծ տարածքներ կվերցնեն, մեկի գումարը սրա հետ կգումարվի, բայց գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում, էդ ի՞նչ ֆոկուս է լինելու, որ գումարն ավելի շատանա, ո՞նց կշատանա»,– ասաց մասնագետը եւ հավելեց. «Սուտ է, որ ասում են՝ գյուղի մանկապարտեզը, դպրոցը աշխատեց, ծաղկեց, կենտրոնական համայնքինը ծաղկեց, մյուսները վերացան, մեկը մյուսի հաշվին»։

Մասնագետը կոչ արեց Կառավարությանը գոնե հսկողություն սահմանել, որ համայնքների ղեկավարները խոշորացման համար տրամադրված գումարը նպատակային տնօրինեն։ «Գյուղապետերը այսօր ջիպ են առնում, եվրոռեմոնտ են անում, գումարներն իրենց կարիքների համար օգտագործում: Թող աղքատ գյուղացիների կարիքները հոգան, բայց չեն անում»,– ասաց Սեդրակյանը՝ հավելելով, որ համայնքների խոշորացման ծրագիրը քաղաքական ենթատեքստ ունի։ «Ընտրությունների ժամանակ, որ գալիս էին, տարբեր գյուղերի հետ լեզու գտնում, նախնական արդյունքները վերցնում էին, հիմա ավելի հեշտ կլինի, որ մի տեղից կենտրոնացված վերցնեն այդ արդյունքները»,– ասաց Սեդրակյանը։