Համազգեստ կարող «Կոնտինենտեքս» գործարանի աշխատակիցներն արդեն 4-րդ օրն է՝ խնդրում են վճարել աշխատավարձերը, սակայն ապարդյուն։ Այս մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գործարանի նախկին աշխատակից Գոհար Թամամյանը։

Նրա խոսքով՝ նրանք մի քանի անգամ դիմել են բազմաթիվ ատյանների, ոստիկանության ղեկավարությանը, հանրապետության վարչապետին եւ նույնիսկ նախագահին սակայն խնդիրը մինչ օրս չի լուծվել։ Նախկին աշխատակցի համաձայն՝ «Կոնտինենտեքս»-ը հսկայական պարտքեր կուտակեց, երբ նախկին ղեկավար Աշոտ Ավետիսյանի տեղը զբաղեցրեց Սամվել Բեքչյանը, ինչից հետո՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ին ձեռնարկությունը լուծարվեց։

«Ոչ ոք չի ասում, թե մենք մեր աշխատավարձերը չենք ստանա։ Բոլորը մեզ հավաստում են, որ կտան գումարները։ Մենք նույնիսկ ամբողջ անձնակազմով դատարան ենք դիմել։ Դատարանի վճռի համաձայն՝ մեզ պետք է աշխատավարձ տան, երբ գործարանին պատկանող գույքը վաճառվի»,-ասաց Թամամյանը՝ հավելելով, որ իրականում գործարանի տիրապետության տակ վաճառքի համար պիտանի ոչ մի գույք չկա, իսկ եղածն էլ արժեքից բարձր գնով աճուրդի է հանվել։ 

«Կոնտինենտեքս»-ի նախկին աշխատակիցը նաեւ նշեց, որ գործարանը հարկային ծառայությանը պետք է 53 մլն դրամի չափով հարկ վճարի, որից հետո միայն կսկսվի պարտքերի մարումը։ Աշխատակիցներին պարտքի ընդհանուր գումարը 30-35 մլն դրամ է։ Թամամյանի համաձայն՝ դա նշանակում է, որ յուրաքանչյուր աշխատակցի պետք է տրվի 700 հազարից 1 մլն դրամ։

Գոհար Թամամյանի խոսքով՝ գործարանի նախկին ղեկավար Սամվել Բեքչյանը բավական երկար ժամանակ հետախուզման մեջ է գտնվել, ինչը գործարանի նախկին աշխատակիցների զարմանքն է առաջացնում։ «Տարօրինակ է, որ երեք տարում նրան չի հաջողվել գտնել։ Չէ՞ որ նա ասեղ չէ, մարդ է»,-եզրափակեց Թամայանը։