ՀՀ քաղաքացին որեւէ կառույցում չի զգում, որ Սահմանադրությամբ պաշտպանված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Օրացույցով այո, հուլիսի 5-ը տոն է՝ Սահմանադրության օրը, բայց ես չեմ զգացել հասարակության մեջ տոնի ընկալում, որ այդ օրը ծնվել է իր երկրի մայր փաստաթուղթը, որով քաղաքացին պաշտպանված է: Սահմանադրությունը թղթի վրա մնացած փաստաթուղթ է, քաղաքացին որեւէ կառույցում չի զգացել, որ Սահմանադրությունը իրեն պաշտպանում է: Եթե վաղը հարցնեք՝ հուլիսի 5-ը տոն է թե ոչ 10 հարցվածից 9.5-ը կպատասխանի՝ ոչ»:
Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին տոնի ընկալում կունենար, եթե Հայաստանում Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները կյանքի կոչվեին:
«Այս դեպքում բնավ քաղաքացուն հիշեցնելու կարիք չկար, որ հուլիսի 5-ը տոն է: Ես կարծում եմ, որ շատ աշխատանք ունենք, որ կարողանանք իրապես ասել, որ երկրի հիմնական օրենքը գործում է, ինչը զգացել են իրենց ընտանքիներում»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին՝ հանրաքվեով: Այնուհետեւ երկրի գլխավոր օրենքը եւկու անգամ փոփոխության է ենթարկվել՝ 2005 եւ 2015 թվականներին: Վերջին անգամ տեղի ունեցած հանրաքվեով Հայաստանը կիսանախագահականից անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի:





























