Ներգաղթյալների խնդիրը բարդ է, բայց դրան պետք է սթափ նայել եւ չտարվել արմատականությամբ։ Ներգաղթյալների խնդրի շուրջ խոսելիս Lenta-ին տված հարցազրույցում ասել է System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
Նրա խոսքով՝ նախեւառաջ անհրաժեշտ է գտնել միգրացիայի արմատը, պատճառները. պատերազմ, ռազմական խաղեր եւ այլն: «Իհարկե, ինչպիսին էլ լինի պատասխանը, մենք ստիպված ենք բախվել միգրացիայի հետ։ Մենք ականատես ենք եղել մահացու հետեւանքներին այն բանի, որ երկրում հայտնվել են մարդիկ, որոնց լավ չեն ստուգել։ Բայց իմ պատմությունը (ես ԱՄՆ-ում եմ ապրում 1975 թվականից) վառ օրինակ է, որ ներգաղթյալները նաեւ կարող են օգտակար լինել երկրի համար, որտեղ վերաբնակվում են։
Ընդհանուր առմամբ, ես միգրացիան լավ երեւույթ եմ համարում, իսկ ինչ վերաբերում է առանձին դեպքերին, ապա պետությունը պետք է ստուգի ու գնահատի նրանց, որոնք երկիր են մուտք գործում։ Երկիրը միայն շահում է՝ ընդունելով մարդկանց, որոնք ցանկանում են բնակվել բաց հասարակությունում, որոնք իրենց երեխաների համար լավ ապագա են ցանկանում։ Նրանք այդ երկրի համար լավ պտուղներ են տալիս։ Սակայն պետք է համբերությամբ զինվել՝ այդ պտուղները քաղելու համար, դրանք մեկ գիշերում չեն աճում։ Եվ դրանց թվում միշտ կլինեն փչացածները։ Եվրոպայում ասում են, թե ներգաղթյալները հանցագործություններ են կատարում։ Բայց բնիկները եւս հանցանք են գործում։ ԱՄՆ-ում, որտեղ փախստականներն այնքան էլ շատ չեն, հիմնականում հանցագործություններ են կատարում հենց բնիկները՝ որպես կանոն, հիմարները, որոնք զենքի են տիրապետում։ Հանցագործությունները կատարվում են ատելության, ռասիզմի, վախի կամ մտավոր անկայունության պատճառով։
Ներգաղթյալների հետ խնդիրը բարդ է, բայց դրան պետք է սթափ նայել եւ չտարվել արմատականությամբ։ Քանի որ բոլոր արմատական կազմակերպությունների նպատակը հենց դա է՝ արմատականացնել բաց հասարակությունը։ Եվ եթե ներգաղթյալների խնդրի պատճառով նման իրավիճակում ես հայտնվում, նշանակում է նրանք հասել են իրենց նպատակին»,-ասել է Սերժ Թանկյանը։





























