Հայաստանի կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս:
Հայաստանի ԿԲ –ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԲ խորհրդի՝ հունիսի 27-ին կայացած նիստում ներկայացվել է իրավիճակային հաշվետվություն, որտեղ քննարկվել են գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային եւ դրամավարկային հատվածների զարգացումները:
Փաստվել է, որ 2017թ-ի մայիսին արձանագրվել է 0.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.7%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է ավելանալ՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Ընդ որում՝ գնաճը վերականգնվել է փոքր-ինչ ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված ինչպես գյուղմթերքների գների սեզոնային ավելի քիչ նվազմամբ, այնպես էլ բնականոն գնաճի բաղադրատարրերի փոփոխություններով:
Ըստ ԿԲ գնահատման՝ հունիսին եւս եղել է գնաճի ավելի արագ վերականգնում, սակայն այս դեպքում արդեն ազդեցության գերակշռող մասը բաժին կընկնի բնականոն գնաճին:
Արդյունքում՝ կանխատեսվող 0.8%-ի փոխարեն հունիսի վերջին 12-ամսյա գնաճը կգտնվի 1.0%-1.2% միջակայքում:
Արձանագրվել է, որ hունվար-մայիս ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճը գերազանցել է ակնկալիքները՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերի՝ համապատասխամաբար 14.4% եւ 11.1%: 2017թ. հունվար-մայիս ժամանակահատվածում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 6.4%:
Գերազանցումն առավելապես տեղի է ունեցել առաջարկի գործոնների ազդեցությամբ, մասնավորապես, արտահանման՝ սպասվածից ավելի արագ աճի տեմպերով՝ հունվար-մայիսին տ/տ 20.9%, եւ հարկային վարչարարությամբ: Եվ, քանի որ հարկաբյուջետային ազդակը երկրորդ եռամսյակում դարձել է ավելի զսպող՝ առաջին եռամսյակի 2.1%-ի դիմաց 4.0%, ապա ներքին պահանջարկի շարունակվող վերականգնումն ամբողջովին պայմանավորվել է ստեղծված մակրոտնտեսական կայունությամբ, ԿԲ կողմից իրականացվող ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ եւ առկա համեմատաբար ցածր գնաճային սպասումներով:
Արդյունքում, պահանջարկի վերականգնումը գերազանցել է սպասումները 0.1- 0.2 տոկոսային կետով՝ հիմնականում ի հաշիվ մասնավոր սպառման գծով արձանագրված ավելի բարձր աճի, ինչը պայմանավորվել է շրջանառությունում գտնվող կանխիկի, ներմուծման եւ առեւտրի ոլորտներում դիտված բարձր աճերով՝ համապատասխանաբար 19.1%, 24.4% եւ 12.8%:





























