Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը NEWS.am_ի հետ զրույցում վստահեցրել է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը բնակլիմաական աղետներից ապահոված կլինի մի քանի տարուց: Նախարարի պնդմամբ՝ հակակարկտային կայաններից ոչ բոլորն են դժգոհում, ավելին՝ կան համայնքապետեր, որոնք պահանջում են:
Մինչդեռ մեզ հետ զրույցում Արմավիրի մարզի մի շարք համայնքապետեր հավաստիացրել էին, որ այդ կայանների արդյունավետությունը զրոյական է: «Կան համայնքապետեր, որոնք ասում են տվեք մեզ, շատ լավ գործում է, սա ավելի շատ տեխնոլոգիական հարց է: Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստվում է ներդնել հրթիռային համակարգը, որն ավելի արդյունվետ է, երկրորդը՝ ապահովագրությունը եւ հակակարկտային ցանցերն են: Եթե այս երեքը ներդվեն ամբողջական, ապա բնակլիմայական աղետների վնասները կմեղմվեն»:
Գյուղնախարարի խոսքով՝ այժմ ծրագիրն են իրականացնում, իսկ արդյունքը ակնկալվում է տարիներ անց: Հարցին՝ վստա՞հ է, որ իր իսկ խոստացած ժամկետում իր նշած ավելի ապահով գյուղատնտեսությունը իրականություն կդառնա՝ հաշվի առնելով, որ այս կառավարությունը համարվում է կարճաժամկետ, Իգնատի Առաքելյանը շեշտեց, թե էական չէ իրականցնողի ինքնությունը:
Դիտարկմանը, որ որպես կանոն նորեկները չեն շարունակում նախկիների սկսած գործը, նոր ծրագրեր են առաջ քաշում, ինչի հետեւանքով ոլորտում արձանագրված հետընթացը, ձախողումները արդարացվում են նաեւ կարճաժամկետ ղեկավարի գործոնով, Իգնատի Առաքելյանը արձագանքեց. «Ես որեւէ մեկին չեմ մեղադրում իմ նախկիներից եւ միշտ ասել եմ՝ նախարան արել է այն ծրագրեը, որոնք որ արդիական է համարել այդ ժամանակաշրջանի համար: Այսօր մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ պարարտանյութ ու դիզվառելիք սուբսիդավորելը արդյունավետ չի այլեւս, շուկան պատրաստ է ինքնուրույն որոշել՝ որ պարարտանյութը ինչքան օգտագործել: Դրա համար մենք կարեւորում ենք գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները»:




























