Գլխավոր դատախազը որեւէ գործով բացատրություն տալու իրավունք չունի: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը ՀՀ գլխավոր դատախազության 2016թ. աշխատանքների հաշվետվության մասին:

«Փորձ էր արվում թերություն գտնել գլխավոր դատախազի աշխատանքի մեջ: Եթե խոսում ենք դատախազի անկախությունից, ապա պետք է հասկանանք, որ դատախազն ազատ է նաեւ պատգամավորներից: Դատախազն իրավունք չունի բացատրություններ տալու, թե ինչու է այդպես վարվել: Գլխավոր դատախազը որեւէ գործով բացատրություն տալու իրավունք չունի, եթե քաղաքական նման մշակույթ չունենանք, մենք պետք է օրենսդրորեն ամրագրենք, որ կոնկրետ հարցի վերաբերյալ հարցեր չպետք է տրվեն»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Թեեւ ՀՀԿ-ական պատգամավորն ուղղակիորեն չնշեց, թե ում են ուղղված իր խոսքերը, բայց հասկանալի էր, որ դա «նվիրվում էր» «Ելք» խմբակցությանը: Հիշեցնենք, որ նախորդ նիստի ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը Արթուր Դավթյանից հետաքրքրվեցին Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահվան հանգամանքների, ինչպես նաեւ «Սասնա ծռերի» եւ Սեֆիլյանի եւ մյուսների գործերի մասին: