ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը «Հոդված 3» ակումբում հանդիպել է քաղաքացիական հասարակության շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչների եւ ներկայացրել նախարարության գործարկած իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am-ի հնարավորությունները:

ՀՀ ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Սուրեն Քրմոյանը նշել է, որ էլեկտրոնային հարթակի գործիքակազմը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակիցը դառնալու օրինաստեղծ գործունեությանը:

Որպես առանձնահատկություն՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս հարթակում տեղադրված իրավական ակտերի նախագծերը նվազագույնը 15 օր մնում են հանրային քննարկման եւ դրանց վերաբերյալ շահագրգիռ քաղաքացիների ներկայացրած առաջարկները որեւէ կերպ ենթակա չեն խմբագրման կամ փոփոխման: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ ներկայում կատարվել են համապատասխան փոփոխություններ, համաձայն որոնց, որեւէ նախարարության կողմից մշակված իրավական ակտի նախագիծ կարող է ՀՀ կառավարության կողմից չընդունվել եւ հետ վերադարձվել՝ www.e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված չլինելու պատճառաբանությամբ:

Անդրադառնալով վիճակագրական ցուցանիշներին՝ Սուրեն Քրմոյանը փաստել է, որ կայքի հաճախելիության ցուցանիշներն ամսեամիս աճ են արձանագրել եւ հունիսի ամփոփ տվյալներով կայքն ունեցել է 13 հազար 556 այցելու, իսկ ամենաշատ իրավական ակտերի նախագծեր տեղադրելու հարցում առաջատարներ են ՀՀ ֆինանսների, ՀՀ բնապահպանության եւ ՀՀ արդարադատության նախարարությունները:

Ամփոփելով խոսքը՝ նախարարի տեղակալը հորդորել է քաղհասարակության ներկայացուցիչներին գրանցվել www.e-draft.am կայքում, օգտվել էլեկտրոնային ժողովրդավարության ընձեռած այս գործիքակազմից եւ ակտիվորեն ներգրավվել հետաքրքրություն ներկայացնող այս կամ այն ոլորտային օրենսդրության մշակման գործընթացում:

Հանդիպման ավարտին մասնակիցներին է ներկայացվել էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքի՝ www.e-draft.am –ի նպատակի ու  հնարավորությունների մասին պատմող սոցիալական հոլովակը, որին հաջորդել է հարցուպատասխանը: