Ոռոգման ջուր չունենալու դեմ բողոքող Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները բացել են այսօր առավոտից փակած Երեւան-Վարդենիս-Արցախ ճանապարհը:  NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հուլիսի 10-ին, Աստղաձորի համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ մարզպետարանի աշխատակիցները հանդիպել են ճանապարհը փակած գյուղացիների հետ եւ խոստացել, որ ոռոգման ջրի խնդիրը շուտով կլուծվի:

«Ասել են, որ պոմպ են դնելու եւ ոռոգման ջրի խնդիրն այդ ձեւով են լուծելու, բնակիչներն էլ համաձայնել են, բացել են ճանապարհը»,-ասաց նա:

Ռոբերտ Խաչատրյանի խոսքով, բացի ոռոգման ջրի խնդրից, գյուղացիներն ունեն նաեւ խմելու ջրի խնդիր. «Արդեն տարիներ կլինի, որ չունենք խմելու ջուր, ինչքան դիմել եմ, ոչ մի լուծում էլ չի տրվել»:

Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ բնակիչների խմելու ջրի խնդիրը լուծվում է խորքային հորից ջուր վերցնելով, սակայն, այդ տարբերակով էլ գյուղում ընդամենը 1 ժամ է ջուր լինում. «5000 բնակչություն ունեցող համայնքը օրական ընդամենը 1 ժամ է ջուր ունենում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աստղաձորցիները փակել են Երեւան-Վարդենիս-Արցախ ճանապարհը. նրանք պահանջում են լուծել ոռոգման ջրի խնդիրը: