Վրաստանը եւ Ռուսաստանը ավելի շուտ քննարկում են սահմանի աբխազական եւ հարավ-օսական հատվածներում Շվեյցարիայից մաքսային միջնորդ ընկերություն ներգրավելու հնարավորությունը: Այս մասին NEWS.am-ին ասաց Վրաստանի Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի (GIRCA) քարտուղար Գիյա Ցիպուրիան` ի պատասխան Ռուսաստանի եւ Վրաստանի վերջին բանակցությունները մեկնաբանելու մեր խնդրանքի:

Պրահայում տեղի ունեցած բանակցություններում Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները պայմանավորվել են 2011 թվականի «Առեւտրային միջանցքների մասին» պայմանագրի իրականացումը սկսելու մասին: Ինչպես հայտնել է «Կոմերսանտ» պարբերականը, բանակցությունների ժամանակ պատվիրակությունները ղեկավարել են Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

Ցիպուրիան հիշեցրեց, որ երբ այս պայմանագիրը ստորագրվում էր, վրացական կողմն առաջին հերթին բարձրացրել է երկաթուղու քաղաքակիրթ գործելու հարցը: Սակայն այստեղ տեխնիկական հարցերը մինչեւ վերջ չեն լուծվել: Նրա խոսքով` անկասկած այլընտրանքային ուղիներն ինքնին շատ օգտակար կլինեն. բեռնափոխադրողները ռուս-վրացական սահմանին այլեւս կախված չեն լինի Վերին Լարսի լեռնացքում ձնակուտակումներից կամ սելավից:

Բաց են մնում բեռների վերահսկման տեխնիկական հարցերը: Նախկինում Թբիլիսին պահանջում էր, որ Ռուսաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանին մեքենաները եւ գնացքները զննեն վրացի մաքսավորները: «Հիմա կարծես կողմերը ցանկանում են քննարկել այն հարցը, որ այս դերը կատարի Շվեյցարիայից մասնագիտացված միջնորդ ընկերությունը: Սակայն նույնիսկ այսպիսի տարբերակի դեպքում անհրաժեշտ է մշակել բեռների անվնաս պահպանման հարցերը: Ինչպես կնքել վագոնները կամ բեռնատարները, ով է պատասխանելու, եթե կնիքը պոկված է, ինչպես ապահովագրել այս ռիսկերը` այս հարցեը եւս դեռեւս հստակեցված չեն: Կան, բնականաբար, նաեւ ազգային անվտանգության հարցեր: Ռիսկերը բացառելու եւ կասկածելի բեռները կասեցնելու համար պետք է առավելագույն ուշադրություն ցուցաբերի նաեւ ռուսական կողմը»,- նշեց Ցիպուրիան:

Նրա կարծիքով` մյուս հարցը զուտ տեխնիկական է` ինչպես հաշվարկել բեռնափոխադրումների համընդգրկուն սակագները, օրինակ` Թբիլիսիից Մոսկվա: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է այդ դեպքում աբխազական կամ օսական հատվածների համար ձեւավորվելու վճարումը: Վերջին հարցերից չէ ճանապարհների վիճակը` երկաթուղային եւ ավտոճանապարհների: «Ռուսական սահմանից մինչեւ Սուխումի ճանապարհը վատ վիճակում չէ, ինչպես նաեւ ավելի հարավ` Օչամչիրի մոտ: Միջակայքում 100 կմ է մնում: Թե ինչ վիճակում են, տեղեկություններ չունենք: Սակայն ակնհայտ է, որ դրանց աջակցելու խթաններ էլ չկան, այնտեղ բեռնափոխադրումների ծավալը չափազանց փոքր է: Իսկ երկաթուղով այնտեղ արգելափակոցով եւս 25 կետ կա: Ո՞վ է դրանց հետեւելու հարցը նույնպես բաց է»,- նշեց Գիյա Ցիպուրիան: Մի խոսքով` որոշ տեղաշարժ նկատվում է, սակայն հարցը դեռեւս հեռու է վերջնականապպես լուծված համարելու համար, ամփոփեց նա: