Թվում է`ի՞նչ կապ կա նավթի համաշխարհային գների եւ Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտների միջեւ: Սակայն եթե քննարկենք պատճառների եւ հետեւանքների շղթան, որոշակի կապ կհայտնվի:

2015 թվականին արտասահմանից Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով գրեթե 500 մլն  դոլարով (կամ` մոտ 24 տոկոսով) կրճատվել են: 2016 թվականին անկումը փոքր-ինչ դանդաղել է, որը նույն բազիսային 2014-ի համեմատությամբ կազմել է մոտ 590 մլն դոլար (28 տոկոս): Այս տարիներին Ռուսաստանից Հայաստանի ֆիզիկական անձանց փոխանցումները նվազել են ավելի քան 657 մլն դոլարով: Մյուս երկրներից փոխանցումների աճը (68 մլն դոլարից պակաս) թույլ է տվել միայն մասամբ մեղմել Ռուսաստանից դրամական փոխանցումների փլուզման վնասը:

«Ռուսական» փոխանցումների ներհոսքի վրա զգալիորեն բացասաբար է ազդել այս երկրում ԱՄՆ դոլարի կարճատեւ արժեւորումը: Իր հերթին ռուբլու արժեզրկումը կապված էր նավթի համաշխարհային գների շոշափելի անկման հետ, որը Ռուսաստանից արտահանվող առաջատար ապրանքն է:  

Նշենք, որ «մինչճգնաժամային» 2014 թվականին դրամական փոխանցումների ընդհանուր գումարի հարաբերակցությունը մանրածախ ապրանքաշրջանառության ծավալին 60 տոկոս է կազմել: Իհարկե, ընտանիքները ստացած ամբողջ գումարը չեն ծախսում ապրանքներ գնելու վրա: Սակայն դրամի ներհոսքի եւ մանրածախ ապրանքաշրջանառության դինամիկայի միջեւ կապը հերքելը սխալ կլիներ: 2015 թվականին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը, անցյալ տարվա համեմատությամբ, ընթացիկ գներով կրճատվել է 7,5 տոկոսով: 2016 թվականին անկումը շարունակվել է, եւ բազիսային 2014-ի համեմատությամբ կազմել է արդեն երկնիշ թիվ` 15,1 տոկոս:

2015 թվականին պետական բյուջեի հարկային եկամուտները (առանց հաշվի առնելու սոցվճարումները եւ եկամտահարկը) կրճատվել են գրեթե 2 տոկոսով: 2016 թվականին, 2014-ի համեմատությամբ (դարձյալ հաշվի չառնելով վերեւում նշված հարկերը), հարկերի ներհոսքը 3,5 տոկոսով նվազել է: Ըստ որում` նկատելի անկում է նկատվել կարեւորագույն հարկերից մեկով` ԱԱՀ-ով, որի հիմնական աղբյուրներից մեկը հենց առեւտուրն է:

Ընթացիկ տարվա անցած ամիսներին իրավիճակը փոխվել է դրական ուղղությամբ: Նավթի համաշխարհային գների բարձրացումը նպաստել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեւորմանը: Այս գործոնի հաշվին Ռուսաստանից Հայաստան փոխանցումների գումարը մեծացել է: Արդյունքում`այս փոխանցումները ստացող ընտանիքների  եկամուտների աճը նպաստել է մանրածախ ապրանքաշրջանառության մեծացմանը: Սա իր հերթին դրական է անդրադարձել Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտների վրա: