Հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները բարելավման կարիք ունեն։ Այս մասին հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտյեն։

Նրա խոսքով՝ ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է շուրջ 50 միլիոն եվրո։ Դրա հետ կապված՝ դեսպանը նկատեց, որ ներդրումների ոլորտում վիճակը մի փոքր ավելի լավ է։ Իրավիճակի փոփոխման միտում կա, եւ բավական խոշոր ֆրանսիական ընկերություններ հայկական շուկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում։ Դեսպանը նաեւ նշեց հեռանկարները, որոնք բացվում են ԵՏՄ-ի շուկայի հետ համագործակցության պարագայում։

Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանում արդեն մի քանի ֆրանսիական ընկերություններ են գործում։ Դրանց թվում նա նշեց երկու դեղագործական ընկերությունները։

«Որպեսզի ֆրանսիական բիզնեսի ներկայությունն ավելի զգալի լինի, կարեւոր է հայկական շուկայում արդեն գոյություն ունեցող ֆրանսիական ընկերությունների արձագանքը»,- նկատեց դիվանագետը։